«Ցտեսություն, Երևան». Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է գոյություն չունեցող դաշինքի մասին

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բավական ծանր վիճակի մեջ է դրել իր կողմնակիցներին: Այսօր նա Ազատության հրապարակում հայտարարեց, որ «Ժառանգությունը» Երևանի խորհրդի ընտրությունների է գնում դաշինքով`ՀԱՍԿ-ի ԺՈՒԿ-ի, Պահպանողական կուսակցության և Շրջադարձ կուսակցության հետ, իսկ դաշինքը կոչվելու է «Բարև, Երևան»:

Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել ենթադրյալ դաշինքի ներկայացուցիչներից ոմանց մոտ: Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության՝ ՀԱՍԿ-ի ղեկավար Մովսես Շահվերդյանն ասում է, որ իրենք իսկապես «Ժառանգությունից» առաջարկ ստացել են՝ միասնաբար մասնակցել Երևանի խորհրդի ընտրություններին, բայց նկատի ունենալով, որ դաշինքին մասնակցում են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ևս, ՀԱՍԿ-ում կազմակերպել են քննարկում և ոչ նպատակահարմար են համարել ոչ գաղափարակից ուժերի հետ ընտրություններին մասնակցելը:

Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է որևէ կուսակցություն լինել դաշինքի անդամ, սակայն նրա որևէ ներկայացուցիչ ներկայացված չլինի դաշինքի ցուցակում: ՀԱՍԿ-ի դեպքը հենց այդպիսին է. այս կուսակցության որևէ անդամ ներկայացված չէ «Բարև, Երևան» դաշինքի ցուցակում:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնառաջադրվեց՝ որպես նախագահի թեկնածու, իսկ «Ժառանգությունը» հայտարարեց նրա թեկնածությունը պաշտպանելու մասին: «Ժառանգությունից» բացի, նրա հետ միաժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարեց միայն ՀԱՍԿ-ը: Այնպես որ, ՀԱՍԿ-ի հետ նման կերպ վարվելն այնքան էլ արդարացի չէր:

Երևի այդ վիճակից դուրս գալու համար էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր երկրորդ ելույթում հայտարարեց, որ «Բարև, Երևան» դաշինքը լինելու է վերկուսակցական, և այնտեղ մտնող այլ կուսակցությունների անդամների անվան դիմաց չի նշվելու նրանց կուսակցական պատկանելությունը: Բայց այս դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող է քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ ստեղծված դաշինքը լինել վերկուսակցական:

Դաշինքի մեկ այլ անդամի` Պահպանողական կուսակցության անդամներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հայտարարեց, որ իրենք «Ժառանգության» հետ դաշինք չեն ստեղծել, ուղղակի իրենց կուսակցության որոշ ներկայացուցիչներ ընդգրկվել են ցուցակում: Պահպանողական կուսակցությունից էլ «Բարև, Երևան» դաշինքում 11-րդ հորիզոնականում Թաթուլ Մկրտչյան է, ով կուսակցության քարտուղարն է:

Այս կուսակցության հետ կապված էլ նշենք, որ նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվել էին նախագահական ընտրությունների արդյունքները, և հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը,  կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը պետք է իրար համբուրեն, որը նշանակում էր, որ Հովհաննիսյանը պետք է ճանաչի Սերժ Սարգսյանի հաղթանակը և շնորհավորի այդ հաղթանակի առիթով: Թե ինչպես կարող էր նման բան հայտարարած կուսակցության ներկայացուցիչներին «Ժառանգությունը» վերցնել նախընտրական դաշինք, կարելի է ընդամենը ենթադրել: Բայց մենք առայժմ ձեռնպահ կմնանք մեր ենթադրությունները ներկայացնելուց:

Միակ կուսակցությունը, ում նախագահը պաշտոնապես հաստատեց, որ «Ժառանգության» հետ դաշինք են ստեղծել Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցելու համար, Ժողովրդավարական ուղի կուսակցության նախագահ Էմանուել Գասպարյանն էր: Նա ասում է, որ իսկապես այսօր իրենք համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ, և «Ժառանգության» հետ ստեղծել են «Բարև, Երևան» նախընտրական դաշինքը: Էմանուել Գասպարյանի եղբայրն էլ`Արթուր Գասպարյանը, «Բարև, Երևանի» նախընտրական ցուցակի 6-րդ հորիզոնականում է:

ԺՈՒԿ կուսակցության պարագայում էլ հետաքրքրական է մեկ այլ հանգամանք. այս կուսակցությունը ՀԱԿ դաշինքի անդամ էր և չի հայտարարել այդ դաշինքից դուրս գալու մասին և հիմա միանում է այլ դաշինքի: Էմանուել Գասպարյանն ասում է, որ ինքն էլ չգիտի՝ ՀԱԿ դաշինք գոյություն ունի՞, թե՞ ոչ: Գիտի միայն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ վերջին համագումարում հայտարարել է, որ այդ դաշինքը գոյություն չունի: Իսկ եթե այդ դաշինքի առաջնորդը նման բան է հայտարարում, ինքն այն ընդունում է՝ ի գիտություն, թեև ավելի քաղաքակիրթ կհամարեր, եթե տեղի ունենար դաշինքին մաս կազմող ուժերի հավաք, և ինքնալուծարման մասին որոշում կայացվեր:

Շրջադարձ կուսակցության հետ կապված էլ կարելի է ասել, որ այս կուսակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, իսկ հիմա էլ որոշել է դաշինք ստեղծել «Ժառանգության» հետ:

Թե Րաֆֆի Հովհաննիսյանի ինչին էր պետք նման դաշինքը, կարելի է միայն ենթադրել: Հավանաբար, նրան պետք էր ոչ այնքան այս դաշինքը, այլ «Բարև, Երևան» անվանումը: Հովհաննիսյանն ավելի ռոմանտիկ է համարել ընտրությունների գնալ ոչ թե «Ժառանգություն», այլ «Բարև, Երևան» անվան տակ: Իսկ «Ժառանգության» ռեբրենդինգը «Բարև, Երևանի», հնարավոր էր միայն դաշինք ստեղծելու դեպքում, ինչն էլ տեղի է ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս