Սպառազինության ձեռքբերման բանակցային պրոցեսում ՀՀ ներկայացուցիչներն իսպառ մոռացության են մատնել դրա գաղտնիության ռեժիմի ամրագրումը. Գեղամ Մանուկյան

Հունվարի 25-ի կառավարության նիստում հաստատվել է Զինված ուժերի կարիքների համար իրականացվող պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկը:

Պետական գաղտնիք համարվող ԶՈւ գնումների մասին տեղեկությունների ցանկում են հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի, ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների, անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերման, արդիականացման, վերանորոգման մասին տեղեկությունները և այլն: Այսինքն, պետական գաղտնիքի շարքին են դասվում գնման պլանը, գնման հայտը, տեխնիկական բնութագիրը, գնումների կազմակերպման գործընթացը, մատակարարում իրականացրած, ծառայություն մատուցած կամ աշխատանք կատարած կազմակերպության մասին տեղեկությունը:

Կառավարության նշված որոշումն ուժի մեջ է մտնելու բանակի օրը՝ 2024 թվականի հունվարի 28-ից:

168.amի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առնվազն տարօրինակ է համարել, որ կառավարությունը նոր է հիշում «Պետական գաղտնիքի մասին» օրենքում առկա գաղտնիության կարգերի մեջ տողեր առանձնացնել ԶՈւ կարիքների և պաշտպանության համար գնումների մասին՝ սպառազինություն, միջոցներ, ծառայություններ և այլն:

Կարդացեք նաև

«Այնինչ արդեն տևական ժամանակ է և՛ քաղաքական, և՛ փորձագիտական, և՛ լրագրողական շրջանակներից բարձրաձայնվում է, որ ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինքնագովազդի համար պարբերաբար խախտում են գաղտնիության մասին օրենքը, խոսում են սպառազինությունների մասին, դրանց ձեռքբերման և որակական հատկանիշների: Անցնող ամիսներին բազմիցս առիթ ունեցել ենք ասելու, որ վերջին շրջանում ԶՈՒ համար սպառազինության ձեռքբերման բանակցային պրոցեսում ՀՀ ներկայացուցիչներն իսպառ մոռացության են մատնել դրա գաղտնիության ռեժիմի ամրագրումը, և արդյունքում նույն հնդկական մամուլում տարատեսակ հրապարակումներով և դրանց հայկական մեդիադաշտ բերելով, նպատակ են ունեցել ՀՀ իշխանությունների ինքնագովազդի, փառաբանման հարց լուծել և ոչ թե ՀՀ պաշտպանունակության: Իսկ սպառազինությունների և դրանց գնման ոլորտը չգովազդվող ոլորտ է, այդ թեմաների մասին չպետք է շատ խոսել: Եվ ՀՀ ներկայացուցիչների կրավորական կեցվածքը պատճառ է դարձել նաև, որ զենքի շուկայում իր նոր մեծ քայլերն անող Հնդկաստանը ՀՀ-ին օգտագործի ավելի շատ սեփական մեդիաքարոզչությունն իրականացնելու համար, քան ՀՀ անվտանգության հարցերով մտահոգվի:

Նույն կերպ իշխանական ֆեյք լրատվամիջոցները, շրջանակները, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը պարբերաբար սպառազինությունների թեկուզ փոքրիշատե խմբաքանակի ձեռքբերումը, նույնիսկ՝ մտադրության մասին քայլերը դարձնում են ամբողջ հանրության սեփականությունը: Եվ այսքանից հետո, թերևս, «ճաշից հետո արդեն մանանեխ» ձևակերպումը կարելի է տալ»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով նաև ռազմական կամ սպառազինությունների վերաբերյալ քրեական գործերի, դատական գործընթացի ֆոնին քարոզչական նպատակով իշխանական հայտարարությունները:

«Երբ քննչական մարմինները հասարակության աչքին թոզ փչելու համար հնարավորինս մանրամասն զինտեխնիկայի, զինամթերքի պարամետրերն են ներկայացնում, որի կարիքը հանուն ՀՀ անվտանգության չկար, բայց, կրկնում եմ, այդ բոլոր քայլերը մեկ նպատակ ունեն՝ իշխանության քարոզչություն, գովազդ, այսինքն՝ գնացքը վաղուց գնացել է այս հարցում»,-ամփոփեց Գեղամ Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս