Հայկական Ջոկերը՝ արյունոտ հետքերով
Նախօրեին Երևանի կրթահամալիրներից մեկը կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հպարտացել է, թե ինքն իր գործունեության ընթացքում երբեք որևէ քաղաքական տեխնոլոգիա չի օգտագործել։ Դա, իհարկե, ծիծաղելի է, քանի որ այդ հայտարարությունը նա արել է կրթական հաստատության աշակերտների կողմից՝ իր իսկ օրինակով, քաղաքականության մեջ մարմնի լեզվին նվիրված հետազոտության քննարկման ժամանակ, ինչն արդեն իսկ որոշակիորեն քաղաքական տեխնոլոգիայի արտահայտություն էր։
Բացի այդ, 2018 թ․ իշխանափոխության ողջ գործընթացը՝ սկսած Մոնթե Մելքոնյանին կրկնօրինակող Նիկոլ Փաշինյանի կեղծ, «կարմիր սրտիկով» վիրակապից մինչև հրապարակներում հնչող «դըմփ-դըմփ-հու-հու»-ներ, մանրակրկտորեն մշակված քաղաքական տեխնոլոգիաների արտահայտություն էր։
Բայց խնդիրը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիության քննարկումը չէ, դա անշնորհակալ գործ է։ Ավելի կարևոր է հասկանալ այն տեխնոլոգիան, որով Նիկոլ Փաշինյանը ներկայումս ազդում է քաղաքական գործընթացների վրա։
Եթե հակիրճ, դա քաղաքական օրակարգի մենաշնորհայնացումն է, որը նա անում է՝ միջոցների մեջ խտրություն չդնելով։ Փաշինյանը չի խորշում հանդես գալ անտրամաբանական, հաճախ անհեթեթ, մեղսունակության հետ խնդիրներ ունեցող հայտարարություններով, որոնք անմիջապես դառնում են հանրային-քաղաքական, սոցցանցային ու մեդիա դաշտի հիմնական քննարկումների առարկան։ Նրան չի հուզում, որ այդ քննարկումներում իրեն ծաղրում են, հայհոյում են, հեգնում են, կարևորը՝ նրա մշտական ու բոլորից ավելի մեծ ծավալով ներկայությունն է եթերում, կայքերում, մարդկանց մեկնաբանություններում, մեմերում, ամենուր…
Փաշինյանը վերածվել է քարոզչական Ջոկերի և առաջնորդվում է քանակի միջոցով որակի հասնելու մարտավարությամբ։ Խոսքը ոչ թե նրա մասնակցությամբ քարոզչական նյութի բովանդակային որակի, այլ հսկայական ծավալի միջոցով քարոզչական ազդեցության որակի մասին է։
Եվ սա տեղի է ունենում երկրում, որն ունի գոյաբանական, անվտանգային խնդիրներ և ցանկացած պահի կարող է ենթարկվել ռազմական ագրեսիայի, որտեղ կարող է ցանկացած պահի նոր պատերազմ սկսվել։ Այդ մասին կանխատեսումներ են անում նաև միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները:
Նրա քարոզչական անլրջության և Հայաստանի խնդիրների կենսականության միջև կա հսկայական անհամարժեքություն, որը խորանում է Փաշինյանի յուրաքանչյուր հրապարակային հայտնության հետ։ Ընդ որում, այնպես չէ, որ քաղաքական դաշտը չի բարձրաձայնում իրական խնդիրների մասին։ Այո, ոչ իշխանական քաղաքական համակարգն այսօր թուլացած է, արդյունավետ չի գործում, բայց այդ ամենով հանդերձ՝ առնվազն հրապարակային խոսքի տիրույթում պետության, հասարակության իրական խնդիրներն այս կամ այն չափով բարձրաձայնվում են։
Բայց այս հարցում էլ մի կողմից՝ գործ ունենք քանակ-որակ հարաբերակցության, մյուս կողմից՝ ոչ իշխանական խոսույթի՝ առավելապես գնահատողական գործառույթի հետ։ Իշխանական քարոզչության ծավալները բազմապատիկ ավելին են, քան ոչ իշխանական գործիչների, փորձագետների ու վերլուծաբանների տեղեկատվական հնարավորությունները։ Ողջամիտ խոսք հնչում է, բայց ոչ այն ծավալով, որը կարող է գործառութային ազդեցություն ունենալ հանրության վրա և մեղմել իշխանական քարոզչության ազդեցությունը։ Բացի այդ, ոչ իշխանական խոսքը հիմնավոր, արդարացված, բայց մեծ մասամբ մնում է ախտորոշման տիրույթում և չի պարունակում առարկայական լուծումներ՝ բացի նրանից, որ այս իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն իշխանափոխության միջոցով։
Իրականում սա ոչ միայն քաղաքական տեխնոլոգիաների, քարոզչության դաշտի խնդիր է։ Այս իրավիճակն արտահայտում է նաև Հայաստանի իշխանական համակարգի, իշխանության բնույթի դեֆորմացվածությունը, որը հնարավոր է դարձել իշխանության մեջ Նիկոլ Փաշինյանի անձի դոմինանտության ու դիկտատուրայի հասնող՝ նրա հաստատած մենաշնորհի պատճառով։ Նա կարող է հանդես գալ ամենապարզունակ, անգամ հակաբանական հայտարարությամբ, բայց ողջ իշխանական ու պետական համակարգում չի գտնվում գեթ մեկ գործիչ, պաշտոնյա, որը թեկուզ ձևականորեն կարող է հակադրվել նրա ասածին, առավել ևս՝ բացահայտել դրա սնանկությունը։
Այս իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կկորցնի քաղաքական օրակարգ գեներացնողի ու թելադրողի կարգավիճակը։ Իսկ դա էլ հնարավոր է միայն այն պարագայում, երբ ոչ իշխանական քաղաքական, փորձագիտական, վերլուծական հանրությունը, թեկուզ և իշխանության հետ ոչ համադրելի ծավալներով, այդուհանդերձ կներկայացնի այնպիսի օրակարգ, որը, բացի դիագնոստիկ բովանդակությունից, կպարունակի հստակ այլընտրանք՝ գործողությունների, քայլերի, լուծումների տեսքով։
Նիկոլ Փաշինյանը կկորցնի իր մենաշնորհը միայն այն ժամանակ, երբ քաղաքական օրակարգը հագեցած կլինի այնպիսի ու այնքան բովանդակությամբ, որ անգամ նրա էպատաժային, տրամաբանությունից դուրս հայտարարությունները կդառնան անհետաքրքիր՝ նույնիսկ ծաղրի տեսանկյունից։
Քաղաքական դաշտի հիմնարար նպատակը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանին օրակարգ թելադրողից այլ օրակարգին ստիպված հետևող դարձնելը։ Անգամ ու առավել ևս, երբ այդ այլ օրակարգի վերջնանպատակը նրան իշխանությունից հեռացնելն է։
Հարություն Ավետիսյան