Հավասարապես դատապարտելի են թե՛ Իսրայելի ցեղասպան քայլերը, թե՛ Թուրքիայի քննադատական կեցվածքը. ՀՅԴ Հայ դատի Միջին արևելքի հանձնախումբ

Հունվարի 11-ին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկեցին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի լսումները։ Մի շարք պետություններ՝ նեռառյալ Թուրքիան, իրենց աջակցությունն են հայտնել Հայարավային Աֆրիկայի նախաձեռնությանը։

Ցեղասպան Թուրքիան իրավունք չունի ցեղասպանություն հանցագործության մեջ մեղադրելու այլ պետությունների այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունել իր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ եւ չի հատուցել հայ ժողովրդին։ Ցեղասպանության ոճիրներն անժամանցելի են։

Մեզ համար հավասարապես դատապարտելի են թե՛ ինքնապաշտպանության պատճառաբանությամբ Իսրայելի ցեղասպան քայլերը պաղեստինցի ժողովրդի դեմ, եւ թե՛ այդ քայլերի նկատմամբ Թուրքիայի քննադատական կեցվածքը։ Իսրայելի նկատմամբ Թուրքիայի կեցվածքը նաեւ կեղծ է, որովհետեւ բացի դիվանագիտական խորհրդանշական քայլերից Թուրքիան շարունակում է Իսրայելի հետ իր առեւտրական հարաբերությունները՝ մատակարարելով նույնիսկ նրա բանակի կարիքները։

Իսրայելի վարքագծի նկատմամբ քննադատական ու դատապարտող հայտարարություններ կատարող Թուրքիան ոչ միայն մինչ օրս ուրանում է հայ ժողովրդի դեմ իր գործադրած ցեղասպանությունը, այլեւ ամեն ձեւով օժանդակում է Ադրբեջանին՝ Արցախի եւ մեծ հաշվով հայ ժողովրդի դեմ այս վերջին ցեղասպանական քայլերում։ Ավելին, Թուրքիան, շարունակում է ուժ կիրառելով, ոտնակոխել քուրդ ժողովրդի իրավունքներն ու իր մի քանի հարեւան պետությունների տարածքային ամբողջականությունը։

Մյուս կողմից, Իսրայելն առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նաեւ մեղսակից է Արցախի դեմ Ադրբեջանի գործադրած ցեղասպանության մեջ եւ շարունակում է Ադրբեջանին մատակարարել զենք եւ զինամթերթ, որոնց թիրախը Հայաստանի Հանրապետությունն է։

Մեզ համար դատապարտելի է Իսրայելի այս վարքագիծը։

Արյունահեղության շարունակությունը սպառնում է ռազմական գործողությունների աշխարհագրական ընդարձակմանը՝ սպառնալով տարածաշրջանում կայունությանը եւ տարածելով մարդկային ողբերգություն։ Անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել՝ ռազմական գործողություններն ու մարդասիրական աղետը դադարեցնելու եւ սկսելու երկու կողմերի համար ընդունելի լուծումի խաղաղ կարգավորման գործընթացը։

ՀՅԴ Հայ դատի Միջին արեւելքի հանձնախումբ

Տեսանյութեր

Լրահոս