Ադրբեջանը ՀՀ օկուպացրած տարածքներից պետք է խաղաղ ճանապարհով հեռանա. Ալիևի հռետորաբանությունը փոփոխական է. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալը պատկերացնում է խաղաղ ճանապարհով՝ միջազգային բոլոր նորմերին համապատասխան։

«Հետ գնալը հո հրաժարվելո՞վ չէ, մենք էլ շատ բաներից հրաժարվում ենք, բայց հո այդպես չէ՞»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին՝ ի՞նչը պետք է ստիպի Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ պետության, անվտանգային համակարգի ուժեղացումը։

«Ամեն օր պետք է արթնանալ ու կատարել այն խնդիրները, որն ուժեղացնում է մեր երկրի անվտանգությունը։ Ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան, վաղը պետք է որոշվի՝ Ալիևի ասածն ինչքանով հիմնավոր կլինի։ Մեր ուժը նրան կստիպի, որը միասնական ուժ է, մեր ուժը միայն բանակը չէ։ Բոլոր մակարդակներում պատասխանները կտրվեն, ընդ որում՝ իրավական հարթությունում։

Կարդացեք նաև

Մի մոռացեք, որ 1994 թվականից իրենք գլուխները կախ մտածում էին այն խնդիրների լուծման շուրջ, որը մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից։ Հրադադարից հետո իրենք կառուցեցին այն բանակը, որով լուծեցին։ Մենք ունենք կորուստներ և հիմա ամեն օր մենք մեր անվտանգային համակարգը պիտի ուժեղացնենք»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Իշխանական պատգամավորը հնարավոր է համարում, որ մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացրած տարածքներից, և նրանց դուրս գալը նախ «պարտադիր պետք է փորձել խաղաղ ճանապարհով»։

Ինչ վերաբերում է Ալիևի վերջին հայտարարություններին, որտեղ Հայաստանի տարբեր տարածքներ նա համարել էր «ադրբեջանական», Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Ալիևի հռետորաբանությունը փոփոխվում է՝ աշխարհում տիրող իրավիճակը բերում է հռետորաբանության փոփոխության։

«Բայց եկեք մենք շարժվենք մեր նպատակների, իղձերի կատարման հստակ ճանապարհով»,- հորդորեց իշխանական պատգամավորը։

Խոսելով Ալիևի առաջարկի մասին, որ բանակցություններում չպետք է երաշխավոր լինի, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փորձեն միասին կնքել խաղաղության պայմանագիրը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սա գայթակղիչ առաջարկ է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։

«Մենք պետք է կարողանանք խոսել մեկս մյուսի հետ, գտնել, թե որտեղ է այդ խոսելու եզրույթը։ Հիմա ինքն ասում է՝ թող չլինեն երաշխավորներ, երբ ես ասում եմ՝ միջազգային իրավունք, բա միջազգային հարթակներն ինչի՞ համար են, այդ երաշխավորություններն ամրագրելու տեքստով, թե այդ տեքստից բխող գործողություններով։ Պետք է արձանագրենք մերը որտեղ է, որտեղ է սկսվում ու ավարտվում, և իրենցը որտեղ է»,- շեշտեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանն ուժի միջոցով վերցնի «Զանգեզուրի միջանցքը», Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ տեսնում է, որ Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ։ Այլ հարց է, այդ ուժը կանխելու հնարավորություններ այսօր Հայաստանը ստեղծե՞լ է, թե՞ ոչ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս