Պատվարժանս, 2011 թվականից անդամավճարներ չեն մուծվել. եթե դա մեղք է, ինչի՞ ենք մենք այստեղ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր դատական նիստի ժամանակ, դիմելով նիստը նախագահող դատավորին, ասաց, որ 2013 թվականից Գալինա Հարությունյանը չի հանդիսանում 2017 թվականին լուծարված հիմնարկի ղեկավար։ Դրա վերաբերյալ տեղեկանք է ներկայացվել դատարանին։

«Հետևաբար, նույնիսկ նիկոլական սյուրռեալիստական արդարադատության մեջ չի կարող 2013 թվականին լիազորությունները դադարեցրած մարդը 2015 թվականին վերագրվող հանցանքների հետ կապված լինի, սա պարզապես աբսուրդ է։ Մենք ի՞նչ ենք քննարկում, որ մածունը սպիտա՞կ է, ե՞ս պետք է դա ապացուցեմ։

Ձեզ տվել են երկու թուղթ. մեկը, որ հիմնարկը 2017 թվականից չկա, մյուսը՝ որ հարգարժան տիկինը 2013 թվականից ղեկավար չէ։ Մենք ի՞նչ ենք քննարկում տուժողի կարգավիճակի հետ կապված»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Շարունակելով միտքը, նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին ու նրա կողմից կախիչները ստուգելուն։

Կարդացեք նաև

«Ասում էր՝ լավ սարքած չէ, եթե վատ շինարարության համար գործից մարդ են հանում, բա գործ սարքելու, այն էլ վատ գործ սարքելու համար մարդ չե՞ն ուզում հանեն։ Այս գործում ինչին կպնում եք, փլվում է, կախիչի համար ասում է, մատը փուշ էր մտել, այս գործով գերան է մտնում, բա չե՞ն ուզում մարդ հանեն։ Նախաքննության փուլում ոչ մեկը մեղավոր չէ այս խայտառակության համար։ Ձեզ չեն հարգում, դուք ինձանից հարգա՞նք եք պահանջում։ Բայց ձեզ չեն հարգում նախաքննական մարմինները, որ ձեզ ասեն՝ գործ են սարքել-բերել, ու դուք ստիպված իրենց հետևից փորձում եք սանիտարի դեր տանել, մաքրել»,- հավելեց Ա. Աշոտյանը։

Ըստ նրա, նախաքննական մարմինները, որոնք գործը թքել-կպցրել ու տարել են դատավորի մոտ՝ չեն հարգում դատավորին։

«Հարգելիս, պատվարժանս, անդամավճարները 2011 թվականից չեն մուծվել, եթե դա իրավական հանցանք է, այդ մարդն ի՞նչ մեղք ունի այստեղ։ 2011 թվականից այդ անդամավճարը չի եղել, այս կազմն ի՞նչ գործ ունի այստեղ»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս