Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին դարձել է բավական տատանողական

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Այսպես՝

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին բավական տատանողական է դարձել, և հաճախ պայմանավորված է լինում միանգամյա և կարճաժամկետ գործոններով: Հաշվի առնելով նախորդ տարվա բարձր աճ ապահովող գործոնների աստիճանաբար ավելի փոքր նպաստումը ՏԱՑ-ին՝ վերջինիս աճի տեմպը դանդաղում է աստիճանաբար: Սակայն նոյեմբերին տեղի են ունեցել նոր զարգացումներ, ինչի արդյունքում ՏԱՑ-ը կտրուկ աճել է՝ նախորդ ամսվա 6.0 տոկոսից հասնելով 11.2%-ի: Նոր զարգացումները վերաբերում են ոսկերչական արտադրատեսակների արտադրության գործունեության տեսակով արձանագրված շուրջ 13.7 անգամ աճին:
  • Չնայած արդյունաբերության աճի տեմպի կտրուկ արագացմանը՝ ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգիչ մնալ: Պատճառը հիմնականում կայանում է նրանում, որ բարձր աճն ապահովվել է ոսկերչական արտադրատեսակների արտադրության գործունեության տեսակով արձանագրված շուրջ 13.7 անգամ աճի հաշվին, մինչդեռ ՀՀ արդյունաբերության համար կարևոր այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սննդի, խմիչքների, հագուստի արտադրությունը, շարունակում են անկում ունենալ: Այս ուղղությամբ հաճախ խոսվում է փոխարժեքի արժևորման մասին՝ որպես ենթաոլորտների անկման հնարավոր պատճառ: Սակայն վերջինիս զուգահեռ, անհրաժեշտ է նաև ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա առնվազն դանդաղեցնել անկման տեմպերը:
  • Պետական բյուջեի կապիտալ ծախսերն այս տարի ևս կթերակատարվեն: Հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով իրականացվել է ընդամենը 340.6 մլրդ դրամի չափով կապիտալ ծախսեր (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), որն ավելի փոքր է նույնիսկ հունվար-սեպտեմբեր ամիսների պլանից՝ 387.9 մլրդ դրամից (իսկ ըստ ճշտված պլանի՝ 414.8 մլրդ դրամից): Տարեկան պլանը կազմում է 558.0 մլրդ դրամ, որը բավական բարձր է՝ հաշվի առնելով փաստացի ցուցանիշները, ինչը նշանակում է, որ տարվա կտրվածքով արձանագրվելու է էական թերակատարում:
  • Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող գումարների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ շարունակում է մնալ ցածր մակարդակում` հիմնականում արտահոսքի աճի հետևանքով: 2023թ. հոկտեմբերին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 125 մլն ԱՄՆ դոլար՝ էապես ցածր լինելով տարեսկզբի և նախորդ տարվա վերջին ամիսների ցուցանիշներից: Հունվար-հոկտեմբեր ամիսներին դեպի ՀՀ փոխանցված գումարների զուտ ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես բավական ցածր է, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտարժութային միջոցների արտահոսքի աճով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս