Ադրբեջանական վարսակ՝ քաղաքական սպառողականության շուկայում

Սպառողական հասարակության գլխավոր հատկանիշներից մեկը սպառման գործընթացն է ինքնին. սպառումը՝ հանուն սպառման։

Դա բնորոշ է ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր հանրույթներին, այդ թվում՝ նաև հայկականին։ Սպառողականությունն իրականում ոչ միայն ու գուցե ոչ այնքան օգտապաշտական, մատերիալիստական հոգեվիճակ է, որքան աշխարհայացք, մտածողության, շրջապատող աշխարհի հետ հարաբերության ձև։ Եվ այդ իմաստով դա վերաբերում է կրկին ոչ միայն ու ոչ այնքան՝ նյութական, այլ ամենայն, այդ թվում՝ ոչ նյութական արժեքների սպառմանը։

Սխեմատիկորեն, սպառողականությունը բաղկացած է իրերի և գաղափարների (հոգևոր, ինտելեկտուալ արժեքներ, իմաստներ և այլն) սպառման ոլորտներից, որոնց հանդեպ, սակայն, սպառողական հասարակությունը ներկայացնում է միանգամայն տարբեր պահանջներ։ Դա առավել քան ցայտուն արտահայտվում է մեր հասարակության կյանքում։

Նյութականի սպառման հարցում մենք չափազանց խստապահանջ ենք, հետևում ենք կամ փորձում ենք հետևել բոլոր չափանիշների բավարարմանը, անհանդուրժող ենք, երբ որևէ վաճառող հրամցնում է այդ չափանիշներին չհամապատասխանող ապրանք կամ ծառայություն։

Կարդացեք նաև

Այդ իմաստով հասարակությունը՝ որքան էլ տարված լինի սպառողականության մոլուցքով, այդուհանդերձ ձևակերպում է պահանջների որոշակի նշաձող, որին փորձում են համապատասխանել վաճառողները։ Նույնը, սակայն, չի կարելի ասել գաղափարների ոլորտի մասին։

Ոչ նյութական արժեքների հարցում մենք սպառում ենք ոչ թե այն, ինչ մեզ անհրաժեշտ է, այն, ինչի կարիքն ունենք, այլ այն, ինչ մատուցվում է։ Դա վերաբերում է՝ ինչպես ցածրորակ ժամանցային արտադրանքին (երաժշտություն, կինոարտադրություն, սերիալներ, էժանագին հումոր և այլն), այնպես էլ ու առավել ևս՝ քաղաքականությանը։

Հասարակությունը սպառում է քաղաքական համակարգի ներկայացրած առաջարկը՝ առանց դրա նկատմամբ անգամ նվազագույն պահանջ ներկայացնելու։ Իշխանությունը ձևակերպում է սեփական հորինված, կեղծ օրակարգերը, խեղաթյուրում է իրականությունը, փաստերը, պատմությունը, հիշողությունը, և դա ներկայացվում է՝ որպես իշխանական-պետական քաղաքականություն։ Հասարակությունը դա սպառում է գլխահակ հաճախորդի հանգույն, առանց դիմադրության, առանց անհամաձայնության, առանց իրեն բացահայտ խաբողի հանդեպ գոնե ձևական անհանդուրժողականության։

Մնացած քաղաքական դաշտն էլ, իներցիայի ուժով, նաև՝ սեփական քաղաքական օրակարգը չունենալու բերումով, հեշտորեն մտնում է իշխանական դիսկուրսների մեջ՝ իր բաժին ներդրումը բերելով հասարակությանը քաղաքական աղբի մատուցման հակապետական գործում։

Ամենամեծ աբսուրդն այն է, որ աղեստամոքսային երանությունը խաշ-խորոված միջակայքից դուրս չպատկերացնող հասարակությունը, մտավոր հարթությունում անվրդով ըմբոշխնում է այն քաղաքական անորակ շիլան, որը, ռեստորանում մատուցվելու դեպքում, ամենաքիչը կլցվեր ռեստորանատիրոջ գլխին։

Արդյունավետ պետություն, անվտանգ ու բարեկեցիկ կյանք ունենալու համար հասարակությունը պետք է նախանձախնդիր լինի քաղաքականության հարցում, ներկայացնի քաղաքականությանը, որպես հետևանք՝ պետական քաղաքականությանը վերաբերող նվազագույն պահանջներ, որոնց չբավարարման դեպքում այդպիսի քաղաքականություն վարողները շիլայապատ գլուխներով դուրս կվռնդվեն քաղաքականությունից ու պետական կառավարումից։

Իսկ մինչ դա երբևէ տեղի կունենա, քաղաքական սպառողականության գլխավոր շահառուները՝ իշխանության ներկայացուցիչները, կշարունակեն վայելել իրենց աղեստամոքսային երջանկությունը՝ հասարակությանը կերակրելով քաղաքական այն շիլայով, որն առաջիկայում կարող է պատրաստված լինել ադրբեջանական արտադրության վարսակից։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս