Զարուհի Փոստանջյանի («Ժառանգությա՞ն») մեծագույն ծառայությունը Սերժ Սարգսյանին
Այսօր Ազգային ժողովում սկանդալային իրադարձություն է տեղի ունեցել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ցանկացել է ընթերցել գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակը, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տիտանական ջանքերի գներով կարողացել են կանխել դա՝ բազմիցս անջատելով աննկուն ընդդիմադիրի խոսափողը: Բայց Զարուհի Փաստանջյանն ու «Ժառանգություն» խմբակցությունը չեն հանձնվել ու իսկույն հաղորդագրություն են տարածել՝ հրապարակելով Սերժ Սարգսյանի՝ չընթերցված նամակը:
Պաշտոնապես նախագահի նստավայրը դեռևս չի արձագանքել դրան: Կա երկու տարբերակ. կամ նախագահականը պետք է հայտարարի, որ՝ այո՛, դա Սերժ Սարգսյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին գրված նամակ է, կամ՝ դա չի համապատասխանում իրականությանը, ստոր հերյուրանք է, զրպարտանք և այլն, և այլն: Դատելով նամակի բովանդակությունից՝ կհնչի երկրորդ պատասխանը, քանի որ առաջին տարբերակը նշանակում է՝ Սերժ Սարգսյանը հանձնում է իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Ապրիլի 9-ին Ազատության և Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ՝ ներում շնորհել ինձ և բոլորիս»,- Սերժ Սարգսյանին վերագրվող այս տողերն այլ բան չեն նշանակում, քան իշխանության փոխանցում Րաֆֆիին: Դատելով ներկայիս իրավիճակից, անգամ չնչին հնարավորություն չկա ենթադրելու, որ Սերժ Սարգսյանը կարող էր նման՝ ինքնանվաստացնող արտահայտություններով նամակ գրել Րաֆֆիի Հովհաննիսյանին:
Հետևաբար, ավելի մեծ է հավանականությունը, որ այդ նամակը գրելու և հրապարակելու գաղափարը պատկանում է Զարուհի Փաստանջյանին կամ «Ժառանգությանը»:
Իսկ ի՞նչ կապ ունի առաջին հայացքից՝ Սերժ Սարգսյանի համար որևէ նպաստավոր բառ չպարունակող այս նամակի հրապարակումը վերջինիս ծառայություն մատուցելու հետ: Շատ ուղղակի: Բանն այն է, որ մի քանի ժամ անց Սերժ Սարգսյանը մամլո ասուլիս է հրավիրելու, որում, բնականաբար, խոսելու է Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա կողմից հացադուլ հայտարարելու, ներկայացրած պահանջների մասին: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե մինչև այսօր Սերժ Սարգսյանը չի անսացել Րաֆֆիի հրավերին ու չի այցելել նրան Ազատության հրապարակում ու բանագնացներ ուղարկելուց հետո ասուլիս է հրավիրել, նշանակում է՝ պետք է կոպիտ, կոշտ գնահատականներ հնչեցնի վերջինիս հասցեին՝ փորձելով հաղթող դուրս գալ այս «հեռակա պատերազմում»: Բայց դա անելն այնքան էլ հեշտ չէ:
Ավելի ճիշտ՝ հեշտ է, սակայն որևէ օգուտ չի կարող տալ Սերժ Սարգսյանին, քանի որ նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքն էլ ավելի բացասական կդառնա: Կոշտ հայտարարությունների համար պետք են առիթներ, որոնք Րաֆֆին առայժմ չի տվել: Հակառակը՝ նա ցանկացած առիթով հարգանքի, գնահատանքի խոսքեր է ուղղում Սերժ Սարգսյանին, գործում է միայն բարևի ու բարու դաշտում, խոստանում է արցունքներ թափել, և այլն: Սակայն, երբ նրա թիմը, նրա թիմի առանցքային անդամը Սերժ Սարգսյանի անունից նման նամակ է հրապարակում, դա վերջինիս հնարավորություն է տալիս հայտարարել, թե ինչպիսի անլուրջ միավորման հետ գործ ունի հայ ժողովուրդը, ում հետ է հույսեր կապում, և, թե նախագահ ընտրվելու դեպքում ինչեր կարող էր անել մարդը, ով իր նպատակներին է հասնում զրպարտության միջոցով: Թե ինչպիսին կլինեն Սերժ Սարգսյանի ձևակերպումները, կարևոր չէ:
Կարևորն այն է, որ Զարուհի Փոստանջյանը նրան հնարավորություն է տվել սեփական առաջնորդի հասցեին անելու ցանկացած հայտարարություն՝ միաժամանակ վարկանիշի ու հանրային վերաբերմունքի մասով, առնվազն չտուժելով դրանից:
Զարուհի Փոստանջյանն, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն չի կրի, ինչպես «Ժառանգության» հաղորդագրությունում էր նշված, «գործող նախագահին» զրպարտելու համար: Որովհետև՝ դրանով հնարավորություն է ստեղծել գնահատելու «Ժառանգության» առաջնորդի (ան)լրջությունը: Իսկ եթե դա ոչ թե զրպարտանք է, այլ իրականում գրվել է Սերժ Սարգսյանի կողմից, ապա վերջինս՝ մինչև ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանին իշխանության հանձնումը պարտավոր է օգտագործել իր լիազորությունները՝ ԱԺ ղեկավարությանը պատասխանատվության կանչելու, բարոյական հաղթանակ տարած Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր՝ ներում հայցող տողերի հրապարակումը չարամտորեն կանխելու համար: