Ժամանակավոր ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետի երկարացում չի նախատեսվելու. ՀՀ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023-ի նոյեմբերի 30-ի թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։

ՀՀ ՊԵԿ-ը հայտարարությամբ նաև ևս մեկ անգամ հորդորում է հիշյալ որոշմամբ սահմանված ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, մաքսազերծել ֆիզիկական անձանց կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 4-ը ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, քանի որ ժամկետների երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու։

Միաժամանակ, կոմիտեն խնդրում է հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին, քանի որ համացանցի տարբեր հարթակներում և խմբերում անհայտ անձանց կողմից տարածվում են բողոքներ կազմակերպելու կոչեր և կեղծ խոստումներ՝ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս