Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական սահմանների խախտումները
Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ լիազորությունների շրջանակը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա»:
Եվ ոչինչ, որ 2020 թվականի պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ կառավարությունն անմիջապես որոշում էր կայացրել երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել էր գերագույն հրամանատար, և դեռ պատերազմից առաջ զգուշացնում էր, թե չփորձի մեկը պատերազմական իրավիճակում կասկածել իր հրամանատարական «հատկությունների» վրա:
Ոչինչ նաև, որ օրենքը խախտելով՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերի 5-ին կոչ էր անում վերջին մեկ տարին զորացրվածներին գնալ Արցախ կռվելու: Այս շարքը կարելի է շարունակել, իսկ պատերազմն Արցախում էր:
Եվ եթե ընդունենք այս ամենը, ինչպես հայտարարվել էր, ապա Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է, որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»:
Ավելին, նաև այդ ժամանակահատվածում ուժի մեջ եղած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում էլ նշված էր, որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին»:
Նշված օրենքի 9-րդ հոդվածն էլ սահմանում է՝ «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ»:
Իսկ 2022 թվականի ապրիլին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»:
Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել՝ Փաշինյանն ընդունում է, որ ինքը քաղաքական որոշում է կայացրել չկանխել պատերազմը, հետո նաև բաց թողնել պատերազմական գործողությունները հնարավորինս մեզ համար նպաստավոր պայմաններում կանգնեցնելու պահը: Իսկ այդպիսիք եղել են:
168.am-ն այդ թեմային մանրամասն անդրադարձել էր «Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը և նախազգուշացումները՝ ՀՀ քաղաքական ղեկավարությանը» վերտառությամբ հոդվածում։ Իհարկե, 2022 թվականի սեպտեմբերին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»:
Բայց սա Նիկոլ Փաշինյանին չի ազատում պատասխանատվությունից պատերազմում պարտության համար, եթե չասենք, որ զինվորականների հրամանները չընկալելը ևս պատասխանատվություն է ենթադրում, այսինքն, սա խոսում է ոչ կոմպետենտության մասին: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ձախողվել է՝ որպես գերագույն հրամանատար, մեկ անգամ չէ, որ գրել ենք։
Եվ հիմա, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ինձ տալիս է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ», իսկ այդ ապագան նա տեսնում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման և իրագործման համատեքստում, իր ասած՝ «Խաղաղության խաչմերուկի» նախագծի տրամաբանության մեջ, ապա նախ պետք է հիշեցնել նրան, որ նման պահանջ առաջացել է 2020 թվականին Արցախում հայկական կողմի կրած պարտության արդյունքում:
Երկրորդ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի եղել, որ հաշտության պայմանագիր կնքվի, խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման փաստաթղթի պայմանները տրամաբանորեն տարբեր պետք է լինեն:
Երրորդ, 2021 թվականից սկսած Ադրբեջանը մոտ 140 քկմ տարածք է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից, այսինքն, Նիկոլ Փաշինյանը սահմանադրորեն իր պարտականությունը լավ չի կատարել, հատկապես, երբ դելիմիտացիայի և դեմարկացիայի ոչ մի գործընթաց դե յուրե տեղի չի ունեցել:
Չորրորդ, Եթե Նիկոլ Փաշինյանը հղում է անում Սահմանադրությանը, ապա պետք է հիշի, որ հոդված 14-ի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Կարող ենք ասել, որ վարչապետ և Զինված ուժերի գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը զրկե՞լ է բանակին կատարելու իր սահմանադրական պարտականությունը: Գուցե:
Հինգերորդ, ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածում հստակ նշված է՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով:
Իսկ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին, երբ փետրվարի 25-ին Զինված ուժերը պահանջեցին նրա հրաժարականը՝ հիմնավորելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», և, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Ավելին, ԳՇ-ն իր հայտարարության մեջ նաև նշել էր, որ ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:
Սակայն Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունը որակել էր որպես ռազմական հեղաշրջման փորձ և գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով հեռացրել ԳՇ պետի պաշտոնից և բանակից: Բայց, ինչպես 168.am-ը գրել էր, Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրում չկա այն պատճառը, որում Փաշինյանը մեղադրում էր նրան՝ ռազմական հեղաշրջման փորձ, Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշել:
2022 թվականի ապրիլին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ, մասնավորապես, ասել էր, որ իրենց քայլը բացարձակ քաղաքական չէր:
«Մեղադրողները թող ապացուցեն, ինչ-որ բացատրություն տան, թե դրա քաղաքական լինելն ինչով է հիմնավորված: Օդով, չգիտեմ ինչով, իրենց դատարկ ցնորաբանություններից վերցնել ու ասել` էդպես է: Եթե քաղաքականության մեջ մտնել լիներ, մենք վաղուց կալանավորված կլինեինք»,- ընդգծել էր Խաչատրյանը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո 2021-ի մարտիմեկյան հավաքին խոստացել էր.
«Ուզում եմ ասել, որ այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք պետք է չտա: Զինված ուժերում, այո՛, վենդետաներ չեն լինելու, որովհետև կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել: Այդ թուղթը սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսն սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով: Որովհետև ես ուզում եմ ուղիղ ասել, այստեղ ուղիղ պիտի ասեմ, որ երբ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է: Դա է դավաճանությունը: Բայց էլի եմ ասում, ժողովուրդ ջան, եկեք ճիշտ հասկանանք՝ թուղթը, որը դրվել է սեղանին գեներալների ստորագրության համար, այդ թուղթը դրել է և առնվազն այդ առաջարկն այլ գեներալներին արել է Օնիկ Գասպարյանը: Ստորագրելուց հետո, այդ թուղթը հրապարակելու որոշումը նույնպես կայացրել է Օնիկ Գասպարյանը: Եվ ես էլի ասում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայությանը»:
Առաջիկայում մենք ծավալուն ուսումնասիրություն կներկայացնենք, թե ԳՇ հայտնի հայտարարության տակ ստորագրած գեներալներից քանիսը մնացին բանակում, քանիսին հեռացրեցին, ում պաշտոնը փոխեցին:
Իսկ 168.am-ը գրել էր, թե ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը որոշեց ինքը հեռանալ և ոչ թե հեռացնել Նիկոլ Փաշինյանին, և թե ինչ արտաքին գործոններ կարող էին լինել այս հարցում, այդ թվում՝ թուրքական:
Բավական է միայն հիշեցնել, որ ՀՀ ԶՈՒ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ օր հետո՝ 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- շեշտել էր Էրդողանը։
Ավելին, մենք ներկայացրել էինք փաստեր, թե բարձրաստիճան նախկին ո՞ր ռազմական ղեկավարի կամ գեներալի անազատությունն է բխում նաև ադրբեջանական պահանջներից:
Թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ անգամ չէ նաև ակնարկել, որ իրենց, այսպես ասած, աջակցությամբ է Նիկոլ Փաշինյանն ընտրություններում հաղթում, ընդ որում, դա կարող է արտահայտվել տարբեր կերպ, այդ թվում՝ սահմաններին հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալով:
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը որոշել է 2024 թվականի փետրվարի 7-ին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ երեկ նա Նիկոլ Փաշինյանի առաջ պահանջ էր դրել՝ թույլ չտալ ՀՀ-ում ռևանշիզմի որևէ դրսևորում:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա ոչ միայն խաղաղության պայմանագրի կնքման պայման է, այլև մեսիջ, որի միջոցով Ալիևը հիշեցնում է ընտրությունների ժամանակ իր աջակցության մասին և հասկացնում, որ եկել է պարտքերը մարելու ժամանակը:
Իսկ Ալիևի շտապողականության պատճառների մասին առանձին կանդրադառնանք: