Ոչ Հայաստանը, և ոչ էլ Ադրբեջանը միմյանց պատերազմ չեն հայտարարել, բայց Փաշինյանը խաղաղության պայմանագիր է կնքում
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը սկսեցին շրջանառել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցը:
Արդյոք Ադրբեջանը Հայաստանին պատերազմ հայտարարե՞լ է, կամ հակառակը, որ հիմա էլ պատրաստակամություն են հայտնում ու բանակցում են խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Չէ՞ որ ռազմական գործողություններ առավելապես ծավալվել են ոչ թե ՀՀ տարածքում, այլ Արցախում:
Թերևս, սրա հիմքը դրվեց պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ ՀՀ կառավարությունն անմիջապես որոշում կայացրեց երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին:
«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.
հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.
հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու…»:
Որքանո՞վ էր Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարել Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը, կամ ինչո՞ւ այդ դեպքում պաշտպանության անցնելու հրաման չի եղել: Մատաղիսի զորամասի հրամանատարի փաստաբան Արման Թամրազյանն ասել էր 168.am-ին. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 25-ին կարգադրություն էր արձակել, համաձայն որի՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու համար:
Նույն ԳՇ պետն իր կարգադրության մեջ նշել էր, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ, ինչն ուղղված է եղել ՊԲ հրամանատարին»,- հավելել էր Թամրազյանը:
Ի դեպ, 2021 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախն ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել, ըստ էության, հաստատել էր պաշտպանության չանցնելու փաստը՝ նշելով.
«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»:
Մեկ անգամ էլ հիշեցնենք ՀՀ Կառավարության ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման հիմքերից մեկը՝ «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը».
Այսինքն, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու իր իսկ որոշման հիմքերը, ըստ էության, հենց Նիկոլ Փաշինյանն էլ խախտեց:
Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չկարողացավ, կամ գուցե չցանկացավ պատերազմի ընթացքում, դրա համատեքստում կանխել նաև ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այդ թվում՝ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում:
Հետաքրքիր է, երբ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը ՀՀ տարածքում ռազմական գործողություններ սանձազերծեց, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 225 զոհ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել էր, թե այդ պահին ռազմական դրություն չեն հայտարարել, որովհետև դրա կարիքը չկար, քանի որ դա կարող էր ագրեսիայի քայլ դիտարկվել։
Այդուամենայնիվ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները: Փաստաթուղթն ըստ էության հրադադարի համաձայնագիր էր, որի շուրջ ոչ քննարկումներին, և ոչ էլ ստորագրման գործընթացին արցախյան կողմը չէր մասնակցել, չնայած 44-օրյա պատերազմը հենց ԼՂՀ տարածքում էր: Իսկ որ եռակողմ հայտարարությունը հրադադարի մասին էր, փաստում է առաջին կետը.
«Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
Բացի այս կետից, եռակողմ հայտարարության մեջ ներառված հաջորդ 8 կետերից մի մասը, ինչպես նաև կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները և հետագայում դրանց կատարումը վերաբերում էին հենց Արցախին և նրա բնակչության իրավունքներին:
Այնինչ, 1994թ. մայիսի 5-ի Բիշքեկի և 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության վրա հաստատված և 1994 թվականի մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի տակ կար նաև ղարաբաղյան կողմի ստորագրությունը: Ավելին, Ղարաբաղը մասնակցել էր նաև փաստաթղթի շուրջ բանակցություններին:
Իսկ փաստաթղթում նշվում էր.
«Արձագանքելով 1994թ. մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին և հենվելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության վրա` հակամարտող Կողմերը համաձայնեցին հետևյալի շուրջ.
1. Ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Ոչ ուշ, քան մինչև 1994թ. մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն և կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են իրականացման համար: Մայիսի 12-ին` մինչև ժամը 23:00-ն, Կողմերը կփոխանակեն հրադադարի վերաբերյալ հրամանների տեքստերը` հնարավոր փոխադարձ լրացման և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով:
2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարին` Մոսկվայում, ոչ ուշ, քան մինչև ս.թ. [1994թ.] մայիսի 12-ը Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ հրատապ հանդիպում հրավիրելու` նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանարար գծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաև նախապատրաստել միջազգային դիտորդների առաջավոր խմբի տեղակայումը:
3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու և մինչև՝ ոչ ուշ, քան ս.թ. [1994թ.] մայիսի 22-ը զինված հակամարտության դադարեցման մասին Համաձայնագիր կնքելու համար:
4. Սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի անմիջապես այն պահից, երբ Միջնորդը տեղեկացնի, որ ստացել է հակամարտող ուժերի կողմից լիովին նույնական փաստաթղթեր, ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից»:
Ի դեպ, «Օրբելի» կենտրոնի փոխանցմամբ, 1994թ. հուլիսի 26-ին ստորագրվել էր նաև հրադադարի վերահաստատման համաձայնագիր, որը կողմերը ստորագրել էին արդեն ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահության միջնորդությամբ:
Համաձայնագրում մասնավորապես նշված էր.
«Ընդհանուր առմամբ դրական գնահատելով պայմանավորվածության համաձայն ռուսաստանյան միջնորդությամբ ս.թ. [1994թ.] մայիսի 9-11-ը ձևակերպված և 1994թ. մայիսի 12-ից [ուժի մեջ մտած] հրադադարի համաձայնության պահպանումը, արձագանքելով Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցչի և ԵԱՀԽ Մինսկի համաժողովի՝ ս.թ. [1994թ.] հունիս 23-ի կոչին՝
Հակամարտող կողմերը հաստատում են.
– իրենց հաստատակամ վճռականությունը՝ հետագայում նույնպես շարունակելու կատարել հրադադարի վերաբերյալ պարտավորությունները, մասնավորապես՝ նկատի ունենալով այսպիսով պահպանել պայմաններ՝ մեծ քաղաքական Համաձայնագիր ստորագրելու և հակամարտության գոտում միջազգային դիտորդներ տեղակայելու համար:
– իրենց ձգտումը արդյունավետ դարձնելու մեծ քաղաքական Պայմանագրի ստորագրումը 30 օրվա ընթացքում՝ 1994թ. օգոստոսին, որում մշակվելու են նաև ռազմատեխնիկական հարցեր, ներառյալ՝ անվտանգության միջազգային ուժերի և ԵԱՀԽ-ի դիտորդական խմբի փոխհարաբերությունները:
Հակամարտող կողմերը պարտավորվում են համաձայնեցված ժամկետներում հաստատել հրադադարի և հրադադարի ռեժիմի պահպանման ստանձնած պարտավորությունները մինչև մեծ քաղաքական Համաձայնագրի (որը նախատեսում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում) կնքումը»:
1995թ. փետրվարի 6-ից ուժի մեջ էր մտել եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) «ԼՂ հիմնախնդրում հրադադարի ամրապնդման» մասին ԵԱՀԿ Մինսկի համաժողովի առաջարկի հիման վրա կազմված համաձայնագիրը, որը ենթադրում էր միջադեպերի ուսումնասիրության և էսկալացիայի վերահսկման մեխանիզմների ներդրում:
Այսինքն, Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը վերաբերող ոչ մի փաստաթուղթ չի եղել առանց արցախյան կողմի ստորագրության:
168.am-ը նույնիսկ փաստեր էր ներկայացրել, որ 1994-ի հրադադարից առաջ՝ դեռ 1993-ի հունիսից Ադրբեջանն ուղիներ էր փնտրել Արցախի հետ երկխոսություն սկսելու համար:
Մասնավորապես, 1993-ի օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, իսկ այնուհետև՝ գործադիր մարմինների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, օգոստոսի 17-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Բաքվից ստացել էր հետևյալ պաշտոնական գրությունը.
«Ադրբեջանի ղեկավարությունը փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին լիազորում է 5 օրվա ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու շուրջ վարել բանակցություններ:
Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Հեյդար Ալիև»:
Նշված գրությանը կցված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, փոխվարչապետի ստորագրությամբ հետևյալ փաստաթուղթը.
«Ի հավելումն 1993թ. հուլիսի 24-ի և 28-ի պայմանավորվածությունների և երկու կողմերի համանման նոր պարտավորվածությունների դեպքում, պարտավորվում ենք վերականգնել կրակի համընդհանուր դադարեցումը, այդ թվում՝ զերծ մնալ ցանկացած հարձակողական գործողություններից, հրթիռահրետանային հարվածներից և օդային ռմբակոծություններից հինգ օրով, որի ընթացքում ձեռք կբերվի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հանդիպում անցկացնելու մասին համաձայնություն:
Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի 1993թ. օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ից սկսած, երբ կստացվի կողմերի վերոհիշյալ պարտավորվածությունների մասին համաձայնությունը…:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար՝ Սաֆար Աբիև
Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ՝ Ռասուլ Գուլիև»:
Այսինքն՝ փաստվում է, որ Ադրբեջանն այն ժամանակ ճանաչել էր Արցախը՝ որպես բանակցային կողմ, և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ էր վարել:
Մինչդեռ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ Արցախի իշխանությունների ստորագրության բացակայությունը և բանակցություններին անմիջականորեն չմասնակցելը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը իր և ՀՀ անունից է որոշել Արցախի ճակատագիրը, հիմա էլ պարբերաբար տարբեր առիթներով հայտարարում է, թե Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը և բանակցի Ադրբեջանի հետ: Պարզ ասած, ձեռքերը լվացել է Արցախից: Սրան զուգահեռ՝ անհոգնել հայտարարում և պնդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության և իրենց պատրաստակամության մասին: Գուցե հենց վերը շարադրված հանգամանքներն էին պատճառը, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ փուլային բանակցությունները ստացան «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Ի վերջո, «Հարաբերությունների կարգավորման» գործընթաց սկսվել է նաև Թուրքիայի հետ:
Կամ գուցե միջազգային դիվանագետների մոտ էլ հարց է ծագել, թե ինչու պետք է ստորագրվելիք փաստաթուղթը կոչվի «Խաղաղության պայմանագիր», երբ ոչ Ադրբեջանը, և ոչ էլ Հայաստանը միմյանց պատերազմ չեն հայտարարել:
Անկեղծ ասած, տպավորություն է ստեղծվում, որ բանակցող կողմերի համար դեռևս միանշանակ ընդունելի չէ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Թերևս դա է պատճառը, որ թե Նիկոլ Փաշինյանը, և թե Իլհամ Ալիևը շարունակում են իրենց հրապարակային ելույթներում օգտագործել «խաղաղության պայմանագիր» եզրույթը: Գուցե սա էլ հնա՞րք է, մանիպուլացնելու փո՞րձ, հասարակությանը պատերազմով վախեցնելու միջոց: Սա իրականում հղի է վտանգներով: Ի վերջո, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ ստորագրված պայմանագիրը խախտելով՝ կողմերից մեկը պատերազմական գործողություններ է սկսել, ինչպես սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ խախտելով 1939 թվականին ստորագրված չհարձակվելու մասին համաձայնագիրը՝ 1941 թվականին Նացիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Ադրբեջանն էլ կարող է խախտել ստորագրվելիք պայմանագիրը և անգամ առանց պատերազմ հայտարարելու՝ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ: Եվ հավանաբար դա գիտակցելով՝ Փաշինյանն ասել է՝ «տեսականորեն և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից 12 ժամ հետո կարող է պատերազմ սկսվել, ինչը մենք տեսանք սեպտեմբերի 13-ին»: