Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ

Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար տարածության վրա, աճում է Սպիտակ մելիլոտուսը, որից էլ ընկերությունը ստանում է համային յուրահատուկ հատկանիշներով առողջարար ծաղկային մեղր։

«Հաթերք Ֆուդի» հիմնադիր Սամվել Միրզախանյանն Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է։ Վերջինս մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է, բայց արդեն 6 տարի զբաղվում է պրոֆեսիոնալ մեղվապահությամբ։

Սամվելը պապական մեղվապահության ավանդույթները միաձուլել է ժամանակակից մոտեցումների հետ և մասնագիտացել բուժիչ մեղրերի արտադրության ոլորտում։ Այժմ արտադրվում է 12 տեսակի մեղր. մեղվաընտանիքներ կան Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում։

«Հաթերք Ֆուդի» նորարարական մեղվապահության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որը հավատաց բիզնես գաղափարին և աջակցում է, որ մեթոդոլոգիան փոխանցվի նաև մյուս մեղվապահներին։

«Հաթերք Ֆուդը» գործընկերների՝ Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի աջակցությամբ ստացել է նաև օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ: Մեղրն այժմ արտահանվում է Քաթար, շուտով պաշտոնական ներկայացուցչություն կլինի նաև ԱՄԷ-ում, հաջորդիվ՝ ԱՄՆ և Եվրոպա։

«Մելիլոտուսի մեղրը հայտնի է իր բուժիչ հատկություններով՝ հատկապես սրտի համար։ Այն պարունակում է կալիում, ինչպես նաև պակասեցնում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու ճնշումը։ Սա նոր մշակույթ է հայկական մեղվապահության մեջ, որպեսզի ստանանք նոր արտադրանք, որոնք միջազգային շուկայում ունեն մեծ պահանջարկ, և որով կարող ենք մրցակցել։ Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ գնեցինք սերմը, տեղափոխեցինք Հայաստան, իրականացրեցինք ցանքսն ու կազմակերպեցինք մեղվաընտանիքների տեղափոխումը։ Մենք նաև իրականացրել ենք բազմաթիվ դասընթացներ Ակբա բանկի շահառու մեղվապահների համար, որոնք եկել են այստեղ և տեղում ծանոթացել Սպիտակ մելիլոտուսի ցանքսատարածությանը և մեղրի ստացման նրբություններին»,- նշել է «Հաթերք Ֆուդի» հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս