
Տավարի միսը սնկի հետ՝ բուրգունդյան ձևով

Բաղադրիչները
- տավարի փափկամիս- 800-900 գ
- սոխ- 1-2 գլուխ
- գազար- 300 գ
- դափնու տերև- 2 հատ
- մի քանի ճյուղ ուրց
- կարմիր չոր գինի- 750 մլ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- շամպինյոն- 200 գ
- ապխտած բեկոն- 150 գ
- սխտոր- 3 պճեղ
- բուսական յուղ- 3 ճ/գ
- կարագ- 50 գ
- տոմատի մածուկ- 2 ճ/գ
- ալյուր- 2-3 ճ/գ
- 1 լ տավարի մսի արգանակ
Պատրաստման եղանակը
Տավարի միսը 4-5 սմ կտորներով կտրատեք: Սոխը կիսաօղակաձև կտրատեք, իսկ գազարը՝ օղակաձև:
Միսը խառնեք գազարի ու սոխի հետ, ավելացրեք 1 դափնու տերև ու 2-3 ճյուղ ուրց: Վրան լցրեք գինին, կափարիչով ծածկեք ու 10-12 ժամով տեղադրեք սառնարանում:
Գինին, որի մեջ մարինացվել է միսը, լցրեք կաթսայի մեջ, եռացրեք ու մի քանի րոպեով թողեք միջին ուժգնության կրակի վրա մինչև հեղուկի ծավալը կրճատվի 2 անգամ:
Միսն առանձնացրեք գազարից ու սոխից: Թղթե անձեռոցիկով մաքրեք, աղ ու պղպեղ արեք:
Սունկը կիսեք կամ չորս մասի բաժանեք, բեկոնը մոտ 1 սմ լայնությամբ երկար շերտերով կտրատեք: Սխտորը դանակով մանրացրեք:
2 ճ/գ բուսական յուղով թավան դրեք միջին ուժգնության կրակին: Տավարի միսը բոլոր կողմերից տապակեք մեջը, տեղադրեք ափսեի մեջ:
Նույն թավայի մեջ տապակեք բեկոնը մինչև կարմրելն ու ավելացրեք մսին:
Մի գդալ բուսական յուղ էլ ավելացրեք թավայի մեջ ու տապակեք սունկը: Տեղադրեք առանձին ափսեի մեջ:
Նույն յուղի մեջ տապակեք սոխն ու լցրեք սունկի վրա:
Թավայի մեջ ավելացրեք կարագն ու 3-4 րոպե տապակեք գազարը: Ավելացրեք սխտորն ու մեկ րոպե էլ տապակեք:
Թավայի մեջ ավելացրեք տոմատի մածուկն ու ևս 2 րոպե տապակեք: Ավելացրեք մաղած ալյուրն ու խառնելով 2 րոպե էլ տապակեք:
Անընդհատ խառնելով՝ նախ լցրեք տաք արգանակը, իսկ հետո՝ եփած գինին: Մի քանի ճյուղ ուրց, 1 դափնու տերև, 1/4 թ/գ աղ ու մի փոքր աղացած սև պղպեղ ավելացրեք: Եռացրեք:
Միսը բեկոնի հետ լցրեք հաստ պատերով տապակի մեջ, վրան լցրեք գինու սոուսը: Վրան ծածկեք ու 1 ժամով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Մսին ավելացրեք նախապես տապակած սունկն ու սոխը: Եվս 1-1,5 ժամով տեղադրեք ջեռոցում: Ուտեստի պատրաստ լինելը որոշեք մսի միջոցով. այն պետք է փափկի: