«Իսրայե՛լ, դու ատոմային զենք ունես». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 21-ին Ալժիր կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է Ալժիր-Թուրքիա երկկողմ գործարար ֆորումին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը ֆուրումին անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին, որոնք վերաճել են լայնամասշտաբ ռազմական բախման:

Նա նախ շնորհակալություն է հայտնել Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացվող դաժան գործողությունների հետ կապված Ալժիրի ունեցած դիրքորոշման համար, ապա նշել, որ Ալժիրն այն երկրներից մեկն է, որը տեղի ունեցողի կապակցությամբ հասցեական արձագանք է տվել:

Էրդողանը, խոսելով Իսրայելի մասին, պնդել է նաև, որ այդ պետությունը ատոմային ռումբ ունի:

«Այս ընթացքում ևս թույլ չենք տալու, որ իսրայելցի պաշտոնյաների կողմից հերքվող միջուկային զենքի, ատոմային ռումբի հարցը մոռացության մատնվի: Իսրայե՛լ, քեզ մոտ ատոմային ռումբ կա: Դրա հետ կապված մենք բողոքել և բողոքում ենք հատկապես պատկան մարմիններին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիան պաղեստինա-իսրայելական հակամարտության հոկտեմբերյան սրումից հետո բացահայտ պաղեստինամետ դիրքորոշում է ցուցաբերել, այնքան, որ նույնիսկ արևմտյան մամուլը Թուրքիային մեղադրել էր հակասեմականության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս