250 նախադպրոցական հաստատություններից 200-ը փակման վտանգի առջև են. պետությունը ստեղծել է մեծ խոչընդոտներ. Նելլի Խաչատրյան

Հարկային օրենսգրքում կատարած նոր փոփոխություններն արդեն մեծ վնաս են հասցրել մասնավոր ոլորտին: Արդյունքում,  նախադպրոցական հաստատությունների 15 տոկոսն արդեն փակվել է։

Հուլիսի 1-ից միկրոբիզնեսն արդեն նոր կարգով է հարկվում, եթե նախկինում մեկ աշխատողի համար գործատուն 5000 դրամ էր վճարում, փոփոխություններից հետո 20 տոկոս եկամտահարկ է վճարում։

168.am-ի հետ զրույցում Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանն ասաց, որ այդ փոփոխությունների արդյունքում նախադպրոցական հաստատությունների փակման գործընթացը չի դադարել՝ շարունակվում է։

Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, այսօր նախադպրոցական հաստատությունները կանգնած են մեկ այլ խնդրի առաջ.

Կարդացեք նաև

«Հիմա նախադպրոցական հաստատությունները գնում են լիցենզավորման, որի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, դրանք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացը։

Հիմնական խնդիրներից մեկը վերաբերում է նախադպրոցական շենքի նշանակությանը, եթե այս խնդիրը չլուծվի 250 մանկապարտեզներից, զարգացման կենտրոններից 200-ը հաստատ կփակվեն։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախադպրոցական հաստատությունների 90 տոկոսը վարձակալած սեփական տներում են, և չկա այլ տարբերակ, քանի որ Հայաստանում չկան այդ քանակությամբ հասարակական տարածքներ՝ ո՛չ պետական, ո՛չ մասնավոր։ Սա պաշտոնական եմ ասում։

Նաև կա մանկավարժական համակարգի խնդիրը, որը շատ լուրջ է և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտում՝ օրենքը տարիֆավորման կարգում բավականին խիստ պահանջներ է դնում։

Այսինքն՝ պետք է ունենա միջին կամ բարձրագույն կրթություն, սակայն այդ քանակությամբ շրջանավարտներ միջին մասնագիտականում չկան, որպեսզի կարողանան բավարարել պետական ու մասնավոր հատվածին։

Կան այլ խնդիրներ ևս, սակայն վերը նշածս երկու խնդիրներն ամենամեծն են»,- նշեց Նելլի Խաչատրյանը։

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունից հետո պարտադիր լիցենզավորման ենթակա են դարձել նաև մասնավոր մանկապարտեզները։ Եվ եթե նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը լիցենզիա չստանան, նրանց գործունեությունը կկասեցվի։

Ըստ մեր զրուցակցի, իր ներկայացրած երկու մեծ խնդիրներից որևէ մեկը լուծված չէ, ինչի պատճառով էլ մարդիկ խուճապի մեջ են:

Նելլի Խաչատրյանի փոխանցմամբ՝ գրեթե ամեն օր իրենց ասոցիացիան ստանում է 100-ից ավելի զանգ, քանի որ մարդիկ ԿԳՄՍ նախարարությունից չեն կարողանում հստակ տեղեկատվություն ստանալ, նրանց հարցերին որևէ մեկը հստակ չի պատասխանում, դրա համար էլ դիմում են ասոցիացիային, որ գոնե հասկանան, թե ինչ է սպասում իրենց հաստատություններին։

«Այս հարցերի շուրջ մենք բանակցում ենք ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ, քանի որ նախադպրոցական հաստատությունների շենքի նշանակությունը նաև իրենցից է կախված։ Պետք է մտածել միջանկյալ տարբերակներ, որպեսզի կազմակերպությունները՝ մանկապարտեզները, զարգացման կենտրոնները, լիցենզավորվեն ու չփակվեն, այսքան երեխա նորից չմնա պետական համակարգի հույսին, այսինքն՝ կրթությունից դուրս։ Մենք գիտենք, որ այսօր 8 հազար երեխա հերթի մեջ է, սպասում են նախադպրոցական հաստատություն գնալու իրենց հերթին, եթե 200 նախադպրոցական հաստատություն փակվեց, հավատացեք, այդ երեխաների թիվը 8-10 հազար էլ այդտեղ է ավելանալու»,- հավելեց մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի նախագահը։

Թե ինչ նպատակով են նախադպրոցական հաստատությունների լիցենազավորման գործընթացն այդքան բարդացրել, գուցե ցանկանում են մեծացնել պետական նախադպրոցական հաստատությունների թիվը, Նելլի Խաչատրյանը պատասխանեց՝ ուրախ կլինեն, եթե պետությունը կարողանա բոլորի կարիքները հոգալ, սակայն ի վիճակի չէ։ Բացի այդ, այն ծառայությունները, որոնք մատուցում են մասնավոր հաստատությունները, պետությունը դեռ չի մատուցում։ Հետևաբար՝ մասնավոր հատվածը պետությանը կրթական ու տնտեսական շատ մեծ օգնություն է ցուցաբերում, որովհետև այսօր պետությունն ի վիճակի չէ այդքան երեխայի ապահովել կրթությամբ։ Եթե պատրաստ լիներ, այսօր փաստացի 8 հազար երեխա հերթի մեջ չէր լինի՝ կրթության իր իրավունքն իրացնելուն սպասելիս։

«Կարծում եմ՝ դեռ չեն ուզում վերջնական կոռուպցիոն ռիսկերը վերացնեն, որովհետև եթե չեն փոխում այս խոչընդոտները, նշանակում է՝ իրենք, միևնույն է, ստեղծում և պահպանում են կոռուպցիոն ռիսկեր։

Իհարկե, պետք է փակվեն այն հաստատությունները, որոնք մինիմալ չափորոշիչներին չեն համապատասխանում։ Իրականում ԿԳՄՍՆ-ի հետ փորձում ենք բոլոր հարցերի շուրջ խոսել, բայց ոչ բոլոր պատասխաներն են, որ իրենց դաշտում են։ Նույն Առողջապահության նախարարությունը կամ Քաղշինը մեզ որևէ կերպ չեն ընդունում։

Պետք է լիցենզավորման կարգն ու ընթացակարգը փոխեն, շուկայից դուրս գան անորակները, բայց մնացածն աշխատեն»,- եզրափակեց Նելլի Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս