«Գենշտաբի պետին ասում եմ՝ հրաման տուր, մտնեն Սանասար` ձորակը պահեն, պատասխանում է՝ գերագույնից նման հրաման չունեմ». Ազատամարտիկ

Սյունիքի մարզի բնակիչները, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ՝ չեն հավատում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության խաչմերուկին»։

168.am հետ զրույցում ազատամարտիկ, ԵԿՄ Սյունիքի տարածքային խորհրդի նախկին փոխնախագահ Սուրեն Բաղդասարյանն ասաց, որ խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը հետ բերի կորցրածը։

Ազատամարտիկի խոսքով՝ 1988 թվականի արցախյան շարժման ժամանակ Քոլատակի թաղամասի «Մխիթար սպարապետ» ջոկատին սկզբում անդամագրվեց 250 զինվոր, մեծ ու փոքր 60-ից ավելի տղամարդ հերթապահում էր շտաբում, մնացած տղաները Խոզնավարից մինչև Կապանի Կարմրաքար գյուղ հսկում էին ճանապարհներն ու դիրքերը։ Այդպես՝ մեկը մյուսի թիկունքին կանգնելով, հայրենիք ազատագրեցին։

«Հսկայական՝ 150 կմ հատվածով ճանապարհը նայում էին Քոլատակի տղաները՝ իմ հրամանատարությամբ։ Վազգեն Սարգսյանն առաջարկեց առանձին գումարտակ ստեղծել՝ իմ ջոկատի հիմքի վրա։ Բոլոր գյուղերի ջոկատները հավաքվեցին՝ դարձանք 750 հոգի և մեկնեցինք Արցախ։ Ջրական, Ֆիզուլի, Հորադիզ, Քարվաճառի տարածքում ծառայեցինք մինչև հաղթանակը՝ 1994 թվականի մայիս ամիսը։

Կարդացեք նաև

Բոլորն էլ հավատում էին, և այդ հավատքը տարավ հաղթանակի»,- նշեց Սուրեն Բաղդասարյանը։

Ասում է, երբեք չի մտածել, որ հնարավոր է՝ մի տեղ գնա ու մեկ փամփուշտ չկրակի։

«44-օրյայի ժամանակ ասում էին՝ Սանասարում թուրքը նստած է, բայց հեռադիտակով նայում էի՝ մի թուրք չկար։ Մի մեքենա է եկել՝ «Պիկապ» էր, ու նույն օրն էլ հետ գնացել։ Ես այնտեղից կապանցի 8 զինվոր եմ հանել, որոնք 3 օր կորած էին համարվում։ Կապ եմ հաստատում Գենշտաբի հետ, հարցնում՝ ինչո՞ւ հրաման չեք տալիս մտնել Սանասար, այնտեղ մարդ չկա, գնանք, Ջանֆիդայի հատվածի նեղ ճանապարհը փակեք, գոնե այդ ձորը պահենք, պատասխանում է՝ հրաման չունեմ։ Ասում եմ՝ դու ես բանակի գլխավոր շտաբի պետը, լրիվ զորքերը քեզ են ենթարկվում, ասում է՝ գերագույնը պետք է հրաման տա։ Այս վիճակում ենք եղել, 2 ամիս 23 օր մնացել ենք, ես պատրոն չեմ կրակել, ո՞ւմ վրա կրակեի, մարդ չկար, բայց եկան՝ դիրքերը վերցրեցին»,- շեշտեց նա։

Ազատամարտիկը հարց բարձրացրեց՝ 30 տարի Հայաստանում լսե՞լ են, որ Ադրբեջանի Կառավարության որևէ անդամ հեռուստացույցով խոսի։

«Բայց այսօր տեսնում ենք, որ Ալիևը ձեռքը թափ է տալիս ու ասում՝ հայեր, այ սա եմ ուզում. սա մեր թուլությունն է, մեր կառավարության թուլությունը»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս