ԱԳ նախարար է նշանակվում «Օմեգա» մականունով չհերքված գործակալը, ՊՆ նախարար՝ պատմության վատ ուսուցիչը. Արամ Օրբելյան
«Մինչև պետական ինստիտուտների, մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի զավթումը մենք ունեցել ենք բավականին զարգացած պետական ինստիտուտներ։ Ունեցել ենք պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Իսկ, օրինակ, հիմա ԱՄՆ-ի պես կարևոր երկրում ՀՀ դեսպան է նշանակվել Փաշինյանի անգլերենի դասատուն։ Պաշտպանության ներկայիս նախարար Պապիկյանը ժամանակին պատմության դասատու էր, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չհերքված գործակալ է՝ «Օմեգա» ծածկանունով։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին, իրավաբանության մեջ ամենակարևորը մասնագիտական էթիկան է, և Աննա Վարդապետյանը ոչ միայն միջամտել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու քրեական գործին՝ քննիչներին ուղղորդելով, այլև ընդունել է իր միջամտության փաստը։ Այսօր այդ նույն Աննա Վարդապետյանը, այդ ամենը որպես Նիկոլ Փաշինյանի օգնական անելուց հետո, Գլխավոր դատախազ է աշխատում… Օրինակները բազմաթիվ են»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ խոսելով պետական կառավարման համակարգի ձախողման պատճառների մասին:
Նրա խոսքով՝ Հայաստանում դատարանի դահլիճում սրտի կաթվածից մարդ է մահանում՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, տևական ժամանակ անց պարզ է դառնում, որ լեզվաբան փորձագետն այլ բան է նկատի ունեցել, ու դա որևէ քրեաիրավական հետևանք չի ունենում, որևէ մեկը որևէ պատասխանատվության չի ենթարկվում:
«Զորամաս է այրվում՝ 15 զոհով, կրկին ոչ մի քաղաքական պատասխանատվություն… Մեր բանակի վերափոխումները, դատաիրավական բարեփոխումները, բանակցությունները չեն կարող արդյունք տալ, որովհետև չկա պրոֆեսիոնալ մոտեցում, չկան դրանց տակ դրված կառուցակարգերը»,- ասաց Արամ Օրբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: