Տավուշի մարզի 4 գյուղի իրավական հիմքերը դեռ պետք է հստակեցվեն. փոխնախարար

«Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հարող (ադրբեջանական կողմից պահանջվող։- Ն. Ս.) 4 գյուղերի իրավական հիմքերը պետք է հստակեցվեն՝ Խորհրդային շրջանի օրենսդրության համապատասխան»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար  Վահան Կոստանյանը:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը, խոսելով ՀՀ 29.800 քկմ տարածքի մասին՝ առաջնորդվել է ԽՍՀՄ հանրագիտարանով՝ լրագրողները փոխնախարարից նաև հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է իրավաչափ՝ առաջնորդվել այլևս գոյություն չունեցող պետության՝ իրավական ուժ չունեցող հանրագիտարանում գրված թվերով: Ի պատասխան՝ Կոստանյանն ասաց, թե այս համատեքստում պետք է հասկանալ իրավական ամբողջ պրոցեսը:

«Այն նշում է, որ նախկին խորհրդային պետությունները, Ալմա Աթայի հռչակագրով, ճանաչվել են անկախ պետություններ: Իսկ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի՝ խորհրդային նախկին պետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են միջպետական սահմաններ: Ըստ այդմ, խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցած տարածքային միավորները և չափումները շարունակում են գոյություն ունենալ»,- ասաց Կոստանյանը:

Հարցին, թե որքանո՞վ է լուրջ խորհրդային հանրագիտարանով երկրի տարածքը չափելու ու որոշելու սկզբունքը՝ Կոստանյանը պատասխանեց, որ սահմանազատման գործընթացը տեղի է ունենալու՝ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության, ինչի մասին ավելի վաղ հայտարարվել է:

Կարդացեք նաև

«Միայն այն հանգամանքը, որ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը հայկական կողմից պետք է զբաղվի սահմանազատման աշխատանքներով՝ խոսում է այն լրջության մասին, որը մենք ընդհանուր այս գործընթացին տալիս ենք»,- հավաստիացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս