Հայոց ցեղասպանության կոմիքսի հեղինակները կանդրադառնան ԼՂ-ին
Պատկերապատումների (կոմիքս) հեղինակ Ժան-Բլեզ Ջյանը, պրոդյուսեր և սցենարիստ Գորյուն Ապրիկյանն ու նկարիչ Կյոն-Յուն Պարկը, որոնք այժմ ապրում, ստեղծագործում են Ֆրանսիայում, կարծում են՝ պատկերապատումների միջոցով միայն արկածային, հեքիաթային թեմաներին չէ, որ պետք է անդրադառնալ. կոմիքսի միջոցով հնարավոր է խոսել տարբեր ժողովուրդներին, ազգերին հուզող հակամարտությունների, պատերազմների և ցեղասպանությունների մասին:
Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով են նրանք 2022 թվականին ծավալուն պատկերապատումով անդրադարձել 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկին՝ Հայոց ցեղասպանությանը: «Հայոց ցեղասպանության պատմությունը» պատկերապատման որոշ դրվագներ ներկայացվեցին «ՌեԱնիմանիա» 15-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում, որին ներկա էին հեղինակներն ու նկարիչը:
Օգտվելով առիթից՝ «Արմենպրես»-ի թղթակիցը ստեղծագործողների հետ զրուցել է պատկերապատման, այդ արվեստի արդիականության, կոմիքսի միջոցով արծարծվող թեմաների մասին:
Գորյուն Ապրիկյանի խոսքով՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին պատկերապատում են ստեղծել, քանի որ տեղի թուրքերը ժխտողական քաղաքականություն են վարում և չեն ընդունում ցեղասպանության իրողությունը: «Պատկերապատման միջոցով խոսեցինք այդ մասին, փորձեցինք թեման հասանելի դարձնել երիտասարդներին: Մեր նպատակն էր պատկերապատմամբ վավերագրել իրականությունն ու տեղեկություններ փոխանցել լայն լսարանին»,-ասում է Ապրիկյանը:
Նկարիչ Կյոն-Յուն Պարկին հաջողվել է ստեղծել այնպիսի պատկերներ, որոնք հստակ արտացոլում են մարդկանց հիասթափությունը, սարսափը, ապագայի նկատմամբ անվստահությունը: Նա նկարազադումներ անելիս օգտվել է արխիվային լուսանկարներից, վավերագրական ֆիլմեր է դիտել՝ ծանոթանալով անհատների պատմություններին:
Պատկերապատման հերոսները Հակոբյանների ընտանիքի անդամներն են, որոնք ապրում էին Դենդլի լեռնային փոքրիկ գյուղում։ Ծնողներն Առաքելն ու Վարդուհին են, երեխաները՝ Միքայելն ու Անուշը: Օսմանյան կայսրությունում քաղաքական իրավիճակը լարված էր, սակայն թուրք և հայ բնակչությունը ներդաշնակ էր ապրում:
Պատկերապատման հեղիանակներն ու նկարազարդողը խոստովանում են՝ աշխատելիս միշտ էլ մտածում են, որ պատկերապատումը կարող է վերածվել ֆիլմի: Նրանց խոսքով՝ պատմությունը գրված է, հերոսները կան, այդ իրադարձությունը հուզում է մարդկանց և չի բացառվում, որ այն կինոնկար դառնա:
Անդրադառնալով «ՌեԱնիմանիա» փառատոնին՝ նրանք նշում են՝ հաճելի է գեղեցիկ, տոնական իրադարձության մի մասը լինել, վարպետության դասերի միջոցով հնարավորություն ունենալ հաղորդակցվել երիտասարդների հետ:
«Վարպետության դասը շատ լավ անցավ: Մասնակիցների հետ պետք է պատկերապատում ստանայինք: Սկզբում սցենարը գրեցինք, որի մասին բոլորը տարբեր կարծիքներ ունեին, հետո անցանք պատկերներին. ժամանակը քիչ էր, և շատերը ցանկություն հայտնեցին տանը շարունակել աշխատանքը: Մասնակիցների ժպիտը վկայում էր, որ դասը նրանց դուր է եկել»,-նշում է Ժան-Բլեզ Ջյանն ու հավելում՝ կա սխեմա, որին հետևում են պատկերապատում ստեղծելիս, սակայն յուրաքանչյուրը հնարավորություն ունի դասընթացների ընթացքում յուրովի ներկայացնել սխեմաները, սովորեցնել՝ ինչպես ստանալ կերպարներին, ինչպես չխառնել նրանց, ամեն մեկին ինքնատիպություն հաղորդել:
Կյոն-Յուն Պարկն էլ դեռ հնարավորություն չի ունեցել ուսումնասիրելու հայկական պատկերապատումները, բայց փառատոնի շրջանակում ներկայացված կոմիքսները նրան զարմացրել են: Ասում է՝ յուրաքանչյուր աշխատանք հետաքրքիր է, նկարիչները լավ ձեռագիր ունեն, ուրույն տիեզերք:
Ըստ մասնագետների՝ ավելի վաղ շրջանում պատկերապատումներն ամբողջ աշխարհում արկածային էին, հիմնականում ուրախ ու ժամանցային թեմաներով: Այժմ պատկերը փոխվել է. պատկերապատումների միջոցով խոսվում է քաղաքական, սոցիալական և այլ կարևոր հարցերի մասին:
«Ընդամենը 25 կամ 30 տարի առաջ հանրությունը պատրաստ չէր այնպիսի պատկերապատում տեսնել, ինչպիսին է «Հայոց ցեղասպանության պատմություն»-ը: Նախընտրում էին Աստերիքսի, Օբելիքսի մասին պատմությունները, քանի որ այդ ժամանակ անգամ խմբագիրները քաջություն չունեին ավելի լուրջ խնդիրներ բարձրաձայնել պատկերապատման միջոցով: Իմ տպավորությամբ՝ Ֆրանսիայում հետաքրքրված են և՛ հայերով, և՛ Հայաստանով»,-ասում է Ժան-Բլեզ Ջյանը, իսկ Պարկը վստահ է, որ Ֆրանսիայի հասարակությունն ամենապատրաստակամն է պատկերապատումների միջոցով ծանոթանալու լուրջ հարցերի բովանդակությանը, քանի որ այնտեղի հասարակությունը բաց է, հետաքրքրված է ցանկացած կոմիքսով:
«Ես Հարավային Կորեայից եմ, եղել եմ շատ երկրներում, որտեղ բազմաթիվ թեմաներով պատկերապատումներ եմ տեսել: Ըստ իս՝ ամենաբաց ու հետաքրքրված հասարակությունը Ֆրանսիայում է»,-ասում է նա:
Ապրիկյանն էլ կարծում է՝ Ֆրանսիայում ավելի շատ նախընտրում են մանգաներ: Հետազոտություն է իրականացվել՝ պարզելու, թե ինչու են դրանք ավելի շատ սպառվում: Արդյունքները ցույց են տվել, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մանգայում հերոսների հետ մեծանում ես, նրանց զարգացումն ես տեսնում, իսկ պատկերապատման պարագայում նույն հերոսը կարող է նույն տարիքում շատ երկար տարիներ մնալ: Կոմիքսների հեղինակների հավաստիացմամբ՝ Ֆրանսիայում երիտասարդների վաթսուն տոկոսը նախընտրում է մանգաներ:
Ստեղծագործողները դեմ չեն կրկին համագործակցել, աշխատել որևէ նախագծի շուրջ, սակայն Կյոն-Յուն Պարկն առաջիկա երեք տարում շատ նախագծեր ունի, ուստի չի կարող միանալ Ապրիկյանին ու Բելզ Ջյանին, որոնք աշխատում են Լեռնային Ղարաբաղի մասին պատկերապատման ստեղծման վրա:
Հույս ունեն՝ այն պատրաստ կլինի երկու տարի հետո: Չի բացառվում, որ ներկայացնեն «ՌեԱնիմանիա» փառատոնին:
Անժելա Համբարձումյան