«Սյունիքի միջանցքը», «Գոբլի պլանը» և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը

2020 թ. արցախյան պատերազմից հետո թուրք-ադրբեջանական խոսույթում լայն տարածում գտավ, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքի» գաղափարը, որը ենթադրում է Ադրբեջանի հարավարևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի նախագահները հայտարարել են, որ այդ գաղափարը պետք է կյանքի կոչվի հնարավորինս արագ։ Այժմ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ստանալ «Սյունիքի միջանցքը» ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով, ինչի վառ վկայությունն են վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական ագրեսիան և ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Գոբլի պլանի» նախապատմությունը

Սյունիքի կամ Զանգեզուրի միջանցքի ստեղծման գաղափարը նոր չէ։ Այն շրջանառության մեջ է դրվել դեռ 1990-ականների սկզբներին, սակայն պատմական և աշխարհաքաղաքական այլ իրողությունների պայմաններում։ Պատմությանն այն հայտնի է «Գոբլի պլան» անունով։ Այս պլանն առաջ էր քաշվել դիվանագետ Փոլ Գոբլի կողմից 1992 թ. և ենթադրում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակում:

Փոլ Գոբլը ԱՄՆ պետդեպարտամենտի ազգերի գծով փորձագետ էր մինչև 1991 թ. վերջը, այնուհետև աշխատանքի էր անցել «Քարնեգի» հիմնադրամում որպես փորձագետ։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերջին շրջանում Փոլ Գոբլը դասավանդել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում , ինչը կասկածի տակ է դնում նրա՝ որպես փորձագետի անկողմնակալ վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության հարցում, մանավանդ որ նա ադրբեջանցի դիվանագետներին դասավանդել է «Ղարաբաղյան ճգնաժամ» դասընթացը։

«Գոբլի պլանը» նա մշակել էր 1992 թ., երբ նոր էր հեռացել Պետդեպարտամենտից և աշխատանքի անցել «Քարնեգի» հիմնադրամում։ Այդ ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսի օգնականը դիմել էր Գոբլին՝ խնդրելով պատրաստել ամփոփագիր իր՝ Հարավային Կովկաս նախատեսված այցին ընդառաջ։ Գոբլի խոսքերով՝ ամփոփագիրը կազմել էր 5-8 էջ՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ սկսած ստալինյան սահմանագծումներից։ Ամփոփագրում ներկայացված էր, թե «ինչպես է Ստալինը ինստիտուցիոնալիզացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը` բաժանելով Ադրբեջանի ոչ սահմանակից հատվածը հայկական տարածքի միջոցով Զանգեզուրում և հայկական տարածքը, որը, այնուհանդերձ, Բաքվի վերահսկողության տակ էր Ղարաբաղում» ։ Ըստ Գոբլի՝ սա հետապնդում էր մեկ նպատակ՝ օգտագործել երկու երկրների միջև լարվածությունը ի շահ Մոսկվայի։

Գոբլը այն կարծիքին էր, որ պետք է առաջարկել խնդրի երկարաժամկետ լուծում, քանի որ ցանկացած կարճաժամկետ լուծում չի հանգեցնի հակամարտության վերջնական կարգավորման և աղետալի հետևանքներ կունենա։ Իր առաջարկության մեջ, տարածքների ժողովրդագրությունից ելնելով, Գոբլը նշում էր, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի տեղահանումը կանխելու համար Արցախը պետք է դառնա «Հայաստանի մաս կամ ինչ-որ ձևով Հայաստանի շարունակություն»։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր տարբերակներ գտնել Ադրբեջանին տալու այն, ինչ Բաքվին էր պետք, քանզի «ոչ մի կառավարություն չի կարող տալ իր տարածքից մեծ հատվածներ և պահպանել իշխանությունը» :

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Գոբլի առաջարկը հրապարակվեց 1992 թ. ամռանը։ Ըստ Գոբլի՝ կողմերը պետք է սկսեին դիտարկել տարածքների փոխանակման հնարավորությունը, ներառյալ հետևյալ զիջումները.

«ԼՂԻՄ-ի մի մասը պետք է հանձնվեր Հայաստանին՝ բացառությամբ ադրբեջանաբնակ տարածքների և այն տարածքի, որտեղ դեպի Բաքու հոսող գետի ակունքներն են, որոնք պետք է մնային Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կամուրջը, որը գտնվում էր Հայաստանի տարածքում, պետք է հանձնվեր Ադրբեջանի վերահսկողությանը» :

Այսպիսով՝ «Գոբլի պլանը» ենթադրում էր Արցախի միացում Հայաստանին և, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքի» տրամադրում Ադրբեջանին, որով վերջինս կկապվեր Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Հոդվածում առանձնակի շեշտադրված էր այն գաղափարը, որ հակամարտության բոլոր շահագրգիռ կողմերը պետք է գիտակցեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող ինքնուրույն կարգավորել իրավիճակը։ Իսկ Միացյալ Նահանգների՝ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավման հիմքում պետք է լիներ այն իրողության գիտակցումը, որ ԱՄՆ-ն չի կարող պարտադրել կողմերին որևէ լուծում չպետք է առաջնորդվի այն թյուր ենթադրությամբ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծման հնարավոր չէ հասնել :

Թուրքիայի նախագահի առաջարկը և թուրքական շահերը

Ղարաբաղյան հակամարտության շահագրգիռ կողմերից մեկն էր և այժմ էլ շարունակում է մնալ Թուրքիան։ Նա, ինչպես ներկայումս է պնդում, որ, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքի» նախագիծը անհապաղ պետք է կյանքի կոչվի, նույն կերպ էլ 1990-ական թվականներին առաջ էր մղում տարածքների փոխանակման գաղափարը, ըստ որի՝ ի վերջո այդ միջանցքը պետք է հանձնվեր երկու թուրքական պետությունների վերահսկողությանը։

Տարածքների փոխանակման գաղափարը Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը քննարկման առարկա էր դարձրել դեռևս 1992 թ. ապրիլի 28-ին՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշի հետ հանդիպման ժամանակ։ Նա նախագահ Բուշին առաջարկում էր փոխանակել Լեռնային Ղարաբաղը «Հայաստանի այն հատվածի հետ, որը բաժանում է Ադրբեջանի երկու մասերը», քանի որ, ըստ Օզալի, Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 %-ը հայեր էին, և 20 %-ը՝ ադրբեջանցի, իսկ Ադրբեջանին (և Թուրքիային) անհրաժեշտ էր ուղիղ կապ Նախիջևանի հետ։ Ի պատասխան պետքարտուղար Բեյքերի հարցին, թե այդ պարագայում ինչ կլինի այդ տարածքում բնակվող հայերի հետ, Օզալը նշել էր, որ ընդհանուր առմամբ առավելագույնը 50.000 մարդ ստիպված կլինի տեղափոխվել։ «Հակառակ պարագայում այս պատերազմը հավերժ կշարունակվի։ Թուրքիան լավ հարաբերությունների կարիք ունի Հայաստանի հետ, և Հայաստանն ունի Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարիքը։ Այդպես վարվելու մեկ այլ պատճառ էլ կա. Կենտրոնական Ասիայի հանրապետությունները Եվրոպայի հետ կապի կարիք ունեն։ Նոր ռուսները ցանկանում են լինել ցարական շրջանի ռուսների պես, որ բոլոր ճանապարհները տանեն Մոսկվա։ Ռուսաստանը կարող է սպառնալիք դառնալ միջինասիական նորանկախ երկրների համար։ Ռուսաստանը կարող է ցանկանալ դրանք վերադարձնել իր կազմ։ Հույս ունեմ՝ ամեն ինչ Ռուսաստանի ձեռքում չեք թողնի» ,- պնդում էր Օզալը։

Ըստ էության, Թուրգութ Օզալը հավակնոտ ծրագիր ուներ, որով պետք է միջինասիական էներգետիկ ենթակառուցվածքները կապվեին Եվրոպայի հետ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Իրենց հերթին միջինասիական պետություններն ավելի կազատվեին Ռուսաստանի ազդեցությունից։ Ըստ Օզալի՝ այս ծրագրի իրականացման համար հենց Ադրբեջանը առանցքային դեր ուներ, և միջանցքի տրամադրումը շահավետ կլիներ նաև Հայաստանի համար ։ Ակնհայտ էր, որ Թուրքիան ավելի մեծ հետաքրքրություն ուներ և ունի այս առումով, քան Ադրբեջանը, քանի որ այդ միջանցքով Թուրքիան կապվելու է թյուրքական աշխարհի հետ և իրագործելու է իր պանթյուրքիստական ծրագիրը, Ռուսաստանի փոխարեն նրանից է կախված լինելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև նվազեցնելու է ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։

Ներկայումս այս նույն գաղափարը, իհարկե որոշ տարբերություններով, առաջ է մղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի իրականացումը նորից կապվում է «Սյունիքի միջանցքի» հետ։ Այս միջանցքի տրամադրումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մի նոր նախապայման դարձավ 2020 թ. արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ ավելանալով Թուրքիայի նախկինում առաջ քաշած նախապայմաններին: Մասնավորապես, Թուրքիայի խորհրդարանի 2020 թ. նոյեմբերի 17-ի հատուկ նիստի ընթացքում հստակ արձանագրվեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր նախապայման կա, այն է՝ այսպես կոչված «Սյունիքի միջանցքի» տրամադրումը։ Այդ նախապայմանը հետագայում բարձրաձայնվեց նաև Թուրքիայի նախագահի մակարդակով։ Թուրքիայի նման շահագրգռվածության պատճառն այն է, որ միջանցքը հնարավորություն կտա Անկարային առավել ինքնուրույն քաղաքականություն վարելու ամբողջ Եվրասիայում։ Մասնավորապես, եթե Սյունիքով տրվում է միջանցք, այն ոչ միայն ավտոճանապարհ է, այլև ենթադրում է այլ ենթակառուցվածքների ստեղծում, այդ թվում՝ երկաթուղի ունենալու հեռանկար։ Դրա միջոցով Թուրքիան կվերածվի Եվրասիայի գլխավոր էներգետիկ հաբի, այլ կերպ ասած՝ Ասիայից դեպի Արևմուտք ձգվող խոշոր էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք շրջանցում են Ռուսաստանը, կանցնեն Թուրքիայի տարածքով :

Ներկայումս Թուրքիան փորձում է միջանցքի հարցը բարձրաձայնել Ադրբեջանի միջոցով՝ առանձնապես ցույց չտալով իր սեփական շահագրգռվածությունը։ Ադրբեջանի «հաղթանակի օրվա» կապակցությամբ Շուշիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Հայաստանը պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք» : Բայց թե ինչ պարտավորության մասին է խոսում Ալիևը, հայտնի չէ։ Եթե խոսքը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մասին է, ապա այդ փաստաթղթում որևէ անդրադարձ չկա միջանցքի տրամադրմանը: Փոխարենը հայտարարության մեջ նշված է «տրանսպորտային հաղորդակցությունների» բացման մասին, ինչի հետևանքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կկապվի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ ։ Այդուհանդերձ, «տրանսպորտային հաղորդակցություններ» եզրույթը չի ենթադրում Սյունիքի միջանցքի տրամադրում, ինչին դեմ են Հայաստանի ժողովուրդը և հայկական սփյուռքը։ Չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը բանավոր համաձայնություն է ստացել Հայաստանի իշխանություններից:

Պաշտոնապես հայկական կողմը հայտարարում է ճանապարհ տրամադրելու պատրաստակամության մասին, այլ ոչ թե միջանցքի , որով էլ պայմանավորված են Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ պարբերաբար թույլ տրվող ոտնձգությունները։ Պատահական չէ, որ ագրեսիայի հիմնական ուղղությունը և թիրախը Հայաստանի Սյունիքի մարզն է։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հասնել միջանցքի ձեռքբերմանը ուժի կիրառման միջոցով, ինչի հետևանքով ներկայումս Ադրբեջանի կողմից օկուպացված են Հայաստանի որոշ տարածքներ։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

«Դրօշակ» թիվ 12, 2022թ

Տեսանյութեր

Լրահոս