Ֆրանսիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին և պատվիրակության անդամներին ներկայացրել է թատրոնի պատմությունն ու գործունեությունը, հյուրերը շրջայց են կատարել կառույցում:
Ըստ աղբյուրի՝ ողջունելով հյուրերին՝ Կարեն Դուրգարյանը նշել է, որ թամանյանական նախագծով և բացառիկ ճարտարապետական լուծումներով այս կառույցը գտնվում է Երևանի սրտում՝ հանդիսանալով մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկը. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես են եկել հանրաճանաչ արտիստներ, այս բեմում բեմադրություններ են արել մեծանուն բալետմայստերներ: Այստեղ ելույթ է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի ծննդյան 100-ամյակը նշում ենք 2024 թվականին: Թատրոնում առաջին անգամ կբեմադրենք Շառլ Ազնավուրի հեղինակած «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը, որից հետո կլինի համաշխարհային պրեմիերա»:
Նշվում է, որ ներկայացնելով թատրոնի դահլիճի պայմանները և բեմի հնարավորությունները՝ տնօրենը նշել է, որ թատրոնն ունի երեք բեմ, ինչն աշխարհում բացառիկ հանդիպող երևույթ է: Խոսելով խաղացանկային ներկայացումների մասին՝ Կարեն Դուրգարյանը կարևորել է միջմշակութային համագործակցության հնարավորությունները և ընդգծել. «Միջմշակութային կապերն ու փոխշփումները հնարավորություն են ընձեռում բեմադրելու Բիզեի, Պուչինիի, Վերդիի և այլոց ստեղծագործությունները՝ կապելով Հայաստանը եվրոպական մշակույթի հետ, որովհետև եվրոպական մշակութային դաշտը՝ օպերայի և բալետի արվեստը, այն լեզուն է, որով մենք կարող ենք խոսել միմյանց հետ: Փոխհամագործակցության և փոխշփումների համատեքստում հատկանշական է նշել, որ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը փայլուն ելույթներով հանդես է գալիս Փարիզում: Այդ մասին են վկայում հանդիսատեսի ոգևորությունն ու բուռն ծափահարությունները»:
ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հյուրերը ներկա են եղել եղել «Բարեկամություն» համույթի փորձին և դիտել պարային հատվածներ: Ռիմա Աբդուլ Մալակը զրուցել է «Բարեկամություն» համույթի գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի հետ, շնորհակալություն հայտնել հետաքրքիր և գեղեցիկ կատարումների համար: Նախարարը շփվել է նաև հայ երիտասարդ պարողների և պարուսույցների հետ, պատասխանել նրանց հարցերին, հետաքրքրվել ոլորտին առնչվող թեմաներով:
Այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» (ղեկավար՝ Լևոն Ջավադյան) մենակատարները հանդես են եկել ֆրանսիական հայտնի օպերային արիաների կատարումներով, որոնք արժանացել են բարձր ծափողջյունների: