«Ժառանգություն կերտողները». մեկնարկում է համաեվրոպական ստեղծագործական մանկապատանեկան մրցույթը
Հայաստանը 2024 թ. նախատեսում է միանալ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։ Համաեվրոպական ծրագրի շրջանակում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ:
Ստեղծագործական մանկապատանեկան մրցույթն անցկացվում է հետևյալ ժանրերում.
1. Գրական (պատմվածք, հոդված, էսսե՝ առավելագույնը 3 էջ),
2. Կերպարվեստ (գեղանկար, գրաֆիկա, անիմացիա),
3. Երաժշտարվեստ (երաժշտական ստեղծագործություն՝ առավելագույնը 3 րոպե):
Մրցույթին կարող են մասնակցել 11-17 տարեկան պատանիներ, որոնք ունեն ստեղծագործելու ձիրք և նորարարական երևակայություն։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի նոյեմբերի 10-ն է:
Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև թանգարանի մասնաճյուղերի արխիվներում հետազոտական աշխատանքը խրախուսվում է։
Ծրագրի նպատակն է ապահովել պատանիների շրջանում հայ մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրության աճը և դրա մասին գիտելիքների ձեռքբերումը։ Այս ձևաչափը նաև հնարավոր է դարձնում համաեվրոպական սույն հարթակում ճանաչելի դարձնել հայ գործչին ու նրա թողած ժառանգությունը։
«Ժառանգություն կերտողները» ծրագիրը կանցկացվի 3 փուլով՝ մասնակցության հայտերի ընդունում, էսքիզների ներկայացում, ավարտուն աշխատանքների ներկայացում-ցուցադրություն։
Լավագույն աշխատանքները ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ կներկայացվեն եվրոպական ժյուրիին։ «Ժառանգություն ստեղծող երիտասարդներ» համաեվրոպական ստեղծագործական մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թ. մայիսին։
Հաղթողների համար նախատեսվում են մրցանակներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից։ Լավագույն աշխատանքներով կթողարկվեն էջանշաններ և այլ հուշանվերային արտադրանք։