Եթե Շահրամանյանը չի ստորագրել լուծարումը, ինչո՞ւ է հիմա ՀՀ-ում ու ոչ Արցախում. Անդրանիկ Քոչարյան
«Եթե պարոն Շահրամանյանը չի ստորագրել լուծարման թուղթը, ինչո՞ւ է հիմա գտնվում Հայաստանում: Ինքը պետք է պաշտոնավարեր Արցախում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը, որ Արցախը լուծարված չէ, ու իր կողմից ստորագրված փաստաթուղթը սահմանադրական որևէ ուժ չունի:
«Եթե ասում է՝ ուժ չկար, ուժ չունի, այդ դեպքում հարց է առաջանում, թե արցախահայությունն ինչո՞ւ լքեց իր բնակավայրերը»,- հայտարարեց Քոչարյանը:
Իսկ արդյո՞ք առաջիկայում նախատեսում է հանդիպել Արցախի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ նաև Սամվել Շահրամանյանի հետ՝ հարցին, Քոչարյանը պատասխանեց, որ ինքն ամեն օր էլ հանդիպում է Արցախի ներկայացուցիչների հետ:
«Եթե մի քանի օր առաջ այստեղ կանգնած լինեիք, ապա կտեսնեիք, որ Արցախի ամենահերոսական դրվագներում մասնակցություն ունեցած մեր գեներալներից մեկն ինձ մոտ էր, ու մենք քննարկում էինք մեր անվտանգությանը վերաբերող հարցեր»,- ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել հարցին, թե ով է եղել այդ գեներալը՝ ասելով, թե դա իմանալու համար լրագրողները պետք է հերթապահեին ԱԺ-ում ու անձամբ տեսնեին:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ ներկա իշխանությունները փորձում են արցախյան վերջին իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը գցել Արցախի իշխանությունների վրա` Քոչարյանը հայտարարեց, որ ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածների համար:
«Ես պատասխան կտամ ի՛մ արած-չարածի համար: Բայց այն, ինչ արվեց Արցախում՝ մինչև հայաթափումը, դրա համար պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնցից արցախահայությունը պատասխան է պահանջում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Այդուհանդերձ լրագրողները հիշեցրին ՀՀ իշխանությունների կողմից 2021 թվականի նախընտրական ծրագրում ներառված կետը՝ Արցախի անվտանգության երաշխավորության մասին: Հետաքրքրվեցին, թե արդյո՞ք այդ ուղղությամբ ամեն ինչ արվել էր:
«Այս ամենն այնքան մեծ միջավայր է: Արվել է ամեն ինչ: Այ, թե ինչ ստացվեց արդյունքում, և ինչու չստացվեցին նպատակները, որոնք արձանագրված էին ծրագրերում՝ այլ հարց է: Դրա համար ստեղծվում են հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են հանգամանքները: Հիմա այս մի հանձնաժողովի աշխատանքները չավարտած, պետք է, ուզենք-չուզենք, ստեղծենք մի հատ էլ հանձնաժողով, որ պարզենք՝ վերջին հաշվով ի՞նչն ստորագրվեց, ո՞ւմ կողմից թելադրվեց, շպարգալկան ո՞վ ստացավ, ի՞նչ էր գրված էդտեղ… արդյունքն այն էր, որ Արցախը հայաթափված է այս պահին: Այն մարդը, որ 22 ձայնով վերցրել էր պատասխանատվությունը, երդվել էր Արցախի Հանրապետության գործող Սահմանադրության առջև, այդ պարտականությունները չկատարեց: Մի հատ էլ Հայաստան տեղափոխվելուց հետո ասում է՝ «ցիտող չկա»: Բա այդ դեպքում ինչո՞ւ ինքն Արցախում չէ: Եվ ո՞նց ստացվեց, որ բոլոր նախկին նախագաները հիմա Բաքվում են, իսկ Պարոն Շահրամանյանը, չգիտեմ՝ ինչ ճանապարհով, անցավ ՀՀ»,- ասաց Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան