«Ռուսական հարթակները չենք բոյկոտում… առայժմ». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ տեսակետին, թե «3+3» ձևաչափով անցկացվող հանդիպումը թուրքական նախաձեռնություն է:

««3+3», չգիտե՞ք, որ Թուրքիան էնտեղ է: Բա 3 գումարած 3-ի 6-ն ովքե՞ր են: Մենք էլ ունենք… պետք է ունենանք մեր դերակատարումը: Իսկ Վրաստանի չգնալու պատասխանը թող ինքը տա»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը մնում է թշնամի երկրների հետ:

Քոչարյանը հերքեց տեղեկությունը, թե ՀՀ-ն չի մասնակցում ռուսական նախաձեռնությամբ անցկացվող հանդիպումներին՝ հայտարարելով, որ ռուսական հարթակն առայժմ չի բոյկոտվել:

«Ռուսական հարթակները, իհարկե, չենք բոյկոտում… առայժմ: Այդ հարթակներում մեր ներկայությունը միշտ կա, որովհետև մենք ՀԱՊԿ անդամ ենք տվյալ պահին, և այդ հարթակներում մեզ հետաքրքրող հարցերը ստանում են մեր կողմից պարզաբանումներ, եթե անհրաժեշտ է»,- նշեց Քոչարյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ խնդիրները ժողովուրդների միջև լուծվում են խաղաղության պարագայում, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ խաղաղության կարելի է հասնել առանց անվտանգության միջավայրի հստակ խնդիրների լուծման:

«Էսօր դու կխփես, վաղն ինքը կխփի»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Թեհրանում նախատեսվող «3+3» ձևաչափով հանդիպում նախաձեռնողն Ադրբեջանն է: Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները:

Նախաձեռնությանը չմասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր Վրաստանը՝ դա բացատրելով ռուսական կողմի մասնակցությամբ:

«3+3» ձևաչափի առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվել էր անցյալ տարի՝ Մոսկվայում, որին Վրաստանը կրկին չէր մասնակցել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս