Հավաքներին մասնակցելուն խոչընդոտող ՔՊ-ական համայնքապետի նկատմամբ վարույթ չի հարուցվել. ՔԿ-ն նրան վերցրել է իր հովանու ներքո

Սուրենավան համայնքի վարչական ղեկավար Անի Վարդազարյանի կողմից արցախցիների նկատմամբ հնչեցված սպառնալիքների ու ատելության խոսքի, թշնամանք տարածելու վերաբերյալ դեպքով իրավապահները պատշաճ քննություն չեն իրականացրել, «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ անգամ քրեական վարույթ չի նախաձեռնվել. սահմանափակվել են ուսումնասիրություններով

Հիշեցնենք, որ Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը սեպտեմբերի 30-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ սպառնալով հայրենազրկված, բռնի տեղահանված արցախցիներին՝ զրկել բոլոր տեսակի օգնություններից, որոնք կմասնակցեն ցույցերին։ Ընդ որում, Անի Վարդազարյանի հայտարարությունը ոչ միայն ատելություն և խտրականություն էր պարունակում արցախցիների նկատմամբ, այլև ճնշում՝ սահմանափակելու հավաքներին մասնակցելու նրանց իրավունքը, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Չնայած մեծ աղմուկին՝ դատախազաքննչական մարմիններն իրենց նախաձեռնությամբ վարույթ չնախաձեռնեցին։

Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով վարույթ նախաձեռնել ու միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործությունները համակողմանի բացահայտելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։ Պարզվում է, սակայն, ընթացք տալը նաշանակում է մակագրում եւ ուսումնասիրություն։ ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել ՔՊ-ական «մանր պաշտոնյայի» կողմից արցախցիների նկատմամբ թշնամանք տարածող, սպառնալիքներով պաշտոնեական լիազորությունները չարաշահմամբ՝ արցախցիների՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքի իրացումից զրկելու վերաբերյալ հայտարարությանը։

Համեմատության համար նշենք, որ լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ոչ միայն մեղադրանք առաջադրվեց, այլ նաեւ նա կալանավորվեց և մահացավ հենց նիստերի դահլիճում՝ շիրակցիներին, իբր, վիրավորելու համար, ինչը գնահատվել էր ազգամիջյան թշնամանքի սերմանում, որպիսի հանցակազմ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված չէր։։

Տեսանյութեր

Լրահոս