Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև- Միշել հանդիպման նախապատրաստական աշխատանքները
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Արմեն Գրիգորյանը հանդիպման մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Հոկտեմբերի 12-ին ընդունել եմ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Քննարկել ենք Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- նշված է գրառման մեջ:
Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: