Նախիջևանը վառոդի մեծ տակառ է, որը պայթելու է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արցախում այս պահին էլ տեղի է ունենում բռնի տեղահանություն, այնպես չի, որ մարդիկ իրենց ցանկությամբ են լքում հայրենի օջախները, բնօրրանը:

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շատ ակնհայտ երևում էր վերջին ժամանակահատվածում: Վերջին 9 ամիսը դա այն հյուծող ժամանակահատվածն էր, որը նպատակ ուներ արցախցիների դիմադրողականությունը կոտրել, իսկ վերջին փուլում՝ բուն մարտական գործողություններ ծավալել: Ցավալիորեն դա տեղի ունեցավ՝ ՀՀ իշխանության լռության, իսկ որոշ դեպքերում՝ արտոնման պայմաններում: Արցախցիներն իրենց մարտը բոլոր առումներով տվեցին, և որքան հնարավոր էր՝ առաջնագծի իրենց վստահված հատվածը պահեցին: Չկա մարտական դիրք, որը լքած զինծառայող լինի, բոլոր ուղղություններով բոլորը մարտեր են մղել: Կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է, այսինքն, նույնիսկ այդ գնով իրենց վստահված սահմանագիծը պահել են: Բայց իրավիճակը, որ ստեղծվել էր բալանսի առումով, մի կողմից՝ 9-10 միլիոնանոց Ադրբեջան, որին աջակցում էր Թուրքիան, այդ թվում՝ ռազմական ներուժի միջոցով, մյուս կողմից՝ 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող Արցախը, բնականաբար, այս պայմաններում Արցախը երկար դիմադրել չէր կարող»,- շարունակել է նաև՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը պասիվ կեցվածք էր ընդունել և հայտարարել, որ որևէ կերպով չի միջամտելու:

«Դա ևս Ադրբեջանի համար արտոնում էր՝ մարտական գործողություններն ամենածանր ձևով շարունակելու համար: Պատահական չէր, որ լայնամասշտաբ գործողությունների ժամանակ կիրառվեցին ադրբեջանական զինանոցի ողջ հնարավորությունն ու ռեսուրսները՝ հեռահար ճշգրիտ հրթիռային համակարգից մինչև ԱԹՍ, ռազմական ավիացիա և այլն»,- հավելել է Տիգրան Աբրահամյանը:

Թե ինչը կարող է կանխել ադրբեջանական գործողությունները Հայաստանի և Սյունիքի դեպքում, պատգամավորը պատասխանել է, որ վերջին 3 տարիները ցույց տվեցին, որ Ադրբեջանը որևէ բանից չի խորշում, այդ թվում՝ ՀՀ-ի ճանաչված պետություն լինելու հանգամանքից:

Կարդացեք նաև

«ՀՀ իշխանություններն իրենք են պաշտոնապես խոստովանում ավելի քան 150 քկմ տարածքային կորուստները, դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի համար ոչ ՀՀ ինքնիշխանության խնդիր կա, ոչ էլ միջազգային կառույցները կամ դերակատարները լուրջ միջոց են ձեռնարկում այն կանխելու համար: Այս պայմաններում Արցախին հարված հասցնելուն զուգահեռ՝ նկատելի է, որ թուրքական մամուլը բավականին ակտիվ առաջ է մղում այն մոտեցումը, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը ցանկացած գնով պետք է լուծեն: Այս պահին կարող ենք արձանագրել, որ դա իր մեջ սպառնալիք և շանտաժ է պարունակում, որովհետև եթե նույնիսկ խոսքը ռազմական գործողությունների մասին չէ, ուժի միջոցով դրան հասնելու, ապա ակնհայտ է, որ բանակցային գործընթացում Թուրքիան և Ադրբեջանը շանտաժների միջոցով փորձում են հասնել իրենց համար ցանկալի արդյունքի: Այն իրավիճակը, որը ստեղծվել է ՀՀ-ի շուրջ, դա ռազմաքաղաքական տեսանկյունից խիստ մտահոգիչ եմ համարում»,- ասել է Տիգրան Աբրահամյանը և հավելել, որ վառոդի մեծ տակառ է Նախիջևանը, որը ցանկացած պահի կարող է պայթել:

«2011-2012 թվականներից սկսած, երբ Թուրքիայի մեծ աջակցությամբ Նախիջևանում ձևավորվեց առանձին համազորային բանակը, մինչ այդ դա ադրբեջանական կորպուս էր, այդ համազորային բանակի կազմավորումից հետո Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ այնտեղ բավականին մեծ սպառազինություն և զինտեխնիկա է կուտակվում: Այնտեղ են հավաքագրվում նաև տարբեր երկրներից բերված ծայրահեղական տարբեր կազմակերպությունների բջիջներ, որպեսզի ինչ-որ փուլում այն օգտագործվի ՀՀ-ի դեմ»,- շեշտել է պատգամավորը՝ հավելելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի հիմնական ուղղությունը լինելու է Սյունիքը:

«Իհարկե, չեմ կարծում, որ մեկ ուղղությամբ են սահմանափակվելու: Այսինքն, եթե մեկ ուղղությամբ է իրենց գլխավոր նպատակը, դա չի նշանակում, որ սահմանագծի տարբեր ուղղություններով մանյովրի կամ այլ նպատակով չեն լինի շարժեր, տարբեր բնույթի սադրանքներ, ընդհուպ՝ մինչև ագրեսիա: Բայց այն, որ քաղաքական, քարոզչական, ռազմական առումով գլխավոր ուղղությունը դառնալու է Սյունիքը, դա միանշանակ է»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս