Բաժիններ՝

Հնդկաստանն ու Կանադան փոխադարձաբար արտաքսել են դեսպաններին՝ Հնդկաստանի հասցեին Թրյուդոյի մեղադրանքներից հետո

Օտտավայի և Նյու Դելիի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, թե Հնդկաստանի իշխանությունները կարող են ներգրավված լինել երկրում սիկհերի առաջնորդի սպանության մեջ։ Թրյուդոյի այս հայտարարությունից հետո երկու երկրներն արտաքսել են միմյանց դեսպաններին։ Այս մասին հաղորդում է CNN-ի հրապարակումը։

Նախ այդ քայլին դիմել է Կանադան` Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետին արտաքսելով երկրից։ Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին նրան բնութագրել է որպես «երկրում Հնդկաստանի հետախուզական գործակալության ղեկավար»։

Նույն քայլին է դիմել նաև Հնդկաստանի արտգործնախարարությունը՝ հայտարարելով, որ արտաքսում է երկրում Կանադայի դեսպանին։ Նա պետք է Հնդկաստանից հեռանա առաջիկա 5 օրերի ընթացքում։

«Այս որոշումն արտացոլում է Հնդկաստանի կառավարության աճող մտահոգությունը կանադացի դինավագետների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու և հակահնդկական գործողություններում նրանց ներգրավված լինելու առնչությամբ», – նշվում է գերատեսչության հայտարարությունում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադայի հետախուզությունը ստացել է «վստահության արժանի» տվյալներ այն մասին, որ Հնդկաստանի կառավարությունը կարող է առնչություն ունենալ սիկհերի առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանությանը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մեղադրանքներն անվանել է «անհեթեթ» և քաղաքական շարժառիթներով պայմանավորված։

Սինգհ Նիջարը սպանվել էր հունիսի 18-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում՝ սիկհական տաճարի դիմաց, երկու դիմակավորված անձանց կողմից։ Նրա սպանությունը մեծ զայրույթ է առաջացրել Կանադայում սիկհերի համայնքի շրջանում, որը Հնդկաստանի սահմաններից դուրս գտնվող սիկհերի ամենամեծ համայնքն է՝ 770 000 անդամներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս