Մարուքյանն անդրադարձել է խաղաղության գործընթացում արդյունավետության հասնելու հնարավորությանը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կայուն խաղաղության հասնելու համար պետք է վերականգնվի վստահությունը, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից մինչև այն սահմանները, որոնք որոշված են 1975 թվականին։

ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով խաղաղության գործընթացում արդյունավետության հասնելու քայլերից։

«Բացի այդ, Ադրբեջանը ձախողեց բոլոր ռազմագերիների փոխանակման գործընթացը։ Դրանից հետո առևանգում է նոր ռազմագերիների և կազմակերպում ինչ-որ դատավարություններ։ Վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Պետք է բացվի Լաչինի միջանցքը, հռչակագրի հիմքում դրվի 1975 թվականի քարտեզը, պետք է ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես մենք արեցինք, միջազգային մեխանիզմներին համապատասխան պետք է սկսել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը»,-նշել է Մարուքյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանը տորպեդահարում է խաղաղ գործընթացը, շարունակում է ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, հարձակումներ գործում Երասխում կառուցվող գործարանի և Կապանի օդանավակայանի վրա։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը շեշտել է, որ Հայաստանի համար կարմիր գիծ են երկրի տարածքային ամբողջականությունը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր մակերեսով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։

«Հիտլերի տապալումից հետո էթնիկ զտումները չեն հանդիսանում որևէ երկրի ներքին խնդիրը։ Մարդու իրավունքների զանգվածային խախտումները երբեք չեն կարող համարվել որևէ երկրի ներքին գործ։ Հուսով եմ, որ երբ Հայաստանը պատրաստի իր պատասխանները Ադրբեջանին, նոր հանդիպում տեղի կունենա։ Բայց շատ կարևոր է վստահության քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից՝ ի պատասխան մեր քայլերի»,-ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ գործընթացը միակողմանի չի կարող լինել։

Տեսանյութեր

Լրահոս