Արևմուտքը նվազեցնում է թուրքական տրանսպորտային ռազմավարության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրել է.
Օրերս G20-ի գագաթնաժողովին հայտարարված «Մերձավորարևելյան միջանցքի» նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի տրանսպորտային գեոռազմավարության համար՝ հաշվի առնելով նախագծի լոգիստիկան: Ընդ որում՝ առաջարկվող նախագիծը կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի տրանսպորտային ճարտարապետության ու դրանում Հայաստանի դերակատարության վրա:
Միջանցքի շրջանակներում նախատեսվում է ապահովել մուլտիմոդալ հաղորդակցություն Հնդկաստան-ԱՄԷ-իսրայելական Հայֆա նավահանգիստ – հունական Պիրեուս նավահանգիստ երթուղով։ Փաստացիորեն ձևավորվում է Թուրքիան շրջանցող տրանսպորտային հաղորդակցություն։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ավանդաբար դիրքավորվում է՝ որպես Արևմուտքն Ասիային կապող առանցքային տրանսպորտային և էներգատրանսպորտային հանգույց, նման նախաձեռնությունը շատ վտանգավոր կարող է լինել նրա համար։ Այստեղից էլ Անկարայի բավական նյարդային արձագանքը G20-ի շրջանակներում ստորագրված կոմյունիկեին:
Մեծ հաշվով, «Մերձավորարևելյան միջանցքը» TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա) տրանսպորտային միջանցքի նոր լոգիստիկ լուծումներից է: Իր հերթին, TRACECA-ն կոչված է՝ շրջանցելով Ռուսաստանը, տրանսպորտային կապ ապահովել Արևմուտքի և Ասիայի միջև՝ առավելապես թուրքական ենթակառուցվածքներով:
Այս ամենը հաշվի առնելով՝ որոշակի խնդիրներ են առաջանում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» նախագծի համար։ Հայտնի է, որ Անկարայի և Բաքվի կողմից Հայաստանի հարավով առաջարկվող միջանցքն ապրիորի Արևելք-Արևմուտք տրանսպորտային ռազմավարության մաս է կազմում (վերջինիս շրջանակներում էլ իրականացվում է TRACECA-ն)։ Ստացվում է, որ Մերձավոր Արևելքով նոր հաղորդակցություն առաջարկելով Եվրոպայի և Ասիայի միջև՝ Արևմուտքը՝ ի դեմս Վաշինգտոնի, նվազեցնում է թուրքական տրանսպորտային ռազմավարության դիվերսիֆիկացման հնարավորությունները։
«Մերձավորարևելյան միջանցքը» նաև որոշակի դժվարություններ է ստեղծում «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի հիմնական շահառուների՝ Ռուսաստանի և Իրանի համար: Հիշեցնեմ, որ «Հյուսիս-Հարավ»-ով նախատեսվում է հաղորդակցություն ապահովել Բալթյան տարածաշրջան-Ռուսաստան-Սև ծով- Հարավային Կովկաս-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան երթուղով: Հունաստանի մասնակցությամբ «Մերձավորարևելյան միջանցքի» ձևավորումը կինտեգրի դրան եվրոպական տրանսպորտային ցանցերը։ Ըստ այդմ, ռուս-իրանական «Հյուսիս-Հարավ» ռազմավարության եվրոպական բաղադրիչը փաստացիորեն կարող է զրոյացվել, ինչի արդյունքում միջանցքն ինքնին կօգտագործվի Կասպից ծովով Պարսից ծոցի հետ Ռուսաստանի կապն ապահովելու համար։
Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա մի կողմից՝ «Մերձավորարևելյան միջանցքը» էլ ավելի է հետ մղում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» գործարկման հեռանկարը, սակայն մյուս կողմից, փաստացի, նվազեցնում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի միջազգային նշանակությունը, որում Հայաստանը դեռևս համարվում է պոտենցիալ շահառու։