Լռության ռեքվիեմը

Իշխանության բռնազավթումը միայն պետական կառավարման մարմինների, վարչական լծակների, ռեսուրսների բռնազավթումը չէ։ Ուզուրպատորը, իհարկե, վերահսկողություն է հաստատում այդ ամենի նկատմամբ։ Սակայն, դրանից բացի կամ դրան զուգահեռ, իշխանության բռնազավթումն արտահայտվում է ենթակաների, ստորադասների, բոլորի կարծիքների, դիրքորոշումների նկատմամբ տոտալ վերահսկողությամբ, որի արդյունքում ամբողջությամբ ուզուրպացվում է երկրում որոշումների կայացման մեխանիզմը։

Արդյունքում՝ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական, բյուրոկրատական, տնտեսական, մնացած բոլոր վերնախավերի ներկայացուցիչները դառնում են սոսկ ֆոն, դեկորացիա՝ կյանքի կոչելու համար իշխանության բուրգի գագաթում գտնվողի, լավագույն դեպքում՝ մի քանիսի որոշումները։

Այս օրերին մենք հենց այդ իրականության ականատեսն ենք։

Հայաստանի անունից իշխանությունը ներկայացնող մեկ կամ մի քանի անձանց որոշմամբ պետությունը ներքաշվել է ծայրահեղ վտանգավոր ավանտյուրայի՝ հակառուսական հիստերիայի մեջ։ Ամեն պահի պատերազմի բռնկման սպառնալիքի ներքո ապրող պետության համար դա հղի է լրջագույն հետևանքներով։ Կարևոր, բայց տվյալ դեպքում երկրորդական են հարցերը՝ որքանով է հակառուսականությունն արդարացված կամ հիմնավոր, որքանով է իրեն իրապես ոչ դաշնակցային երկրի նման պահում Ռուսաստանը, և այլն։ Դրանք բոլորը քննարկելի հարցեր են, բայց ոչ այն պայմաններում, երբ թշնամական զորքերն աքցանի մեջ են առել Հայաստանը։

Կարդացեք նաև

Ահա այս իրավիճակում հակառուսականության՝ պետականորեն իրականացվող քաղաքականությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Անմտություն է կարծել, թե պետական կառավարման համակարգում, անգամ իշխանական քաղաքական թիմում, դիվանագիտական կորպուսում չկան մարդիկ, ովքեր այս ամենի վտանգավորությունը գիտակցում են շատ ավելի խորը, քան դրա վերաբերյալ սոցցանցերում լալահառաչ գրառումներ կատարողները։ Վստահաբար այդպիսի պաշտոնյաներ, քաղաքական մարդիկ կան, սակայն նրանց լինելիությունը պետական ու քաղաքական վերնախավում գործառութային առումով զրոյական նշանակություն ունի, քանի որ նրանց որևէ մեկը չի լսում։ Իսկ որ ավելի ողբերգական է, նրանք ըստ ամենայնի չեն էլ խոսում։

Իհարկե, այդ մարդիկ՝ չլսվելով իշխանական աշխատասենյակներում, կարող են իրենց ահազանգը հնչեցնելու այլ խողովակներ գտնել, այդ թվում՝ ցուցադրական հրաժարականներով ու դրանց հիմնավորումներով։ Բայց քանի որ պատեհապաշտությունը ներկայիս Հայաստանում ամենատարածված ապրելակերպն է, դա տեղի չի ունենում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են իշխանության կողմից վարվող քաղաքականության վտանգավորությունը, բայց լռում են, դառնում են լռության ռեքվիեմի համահեղինակները՝ հույսով, որ այն հնչելու պահին կարողանալու են ճողոպրած լինել որևէ անվտանգ վայր։

Հայաստանի ողջ պետական կառավարման համակարգը, բյուրոկրատիան, լավ թե վատ աշխատող ինստիտուտներն այսօր ծառայում են Նիկոլ Փաշինյանի կամ գուցե նրա ամենանեղ թիմի հաշված անդամների անձնական որոշումների իրականացմանը։ Որոշումների կայացման ինստիտուցիոնալ մեխանիզմ, որպես այդպիսին, չի գործում։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ այդ հաշված թվով մարդկանց կայացրած հիվանդագին որոշումների հետևանքները կրելու է պետությունն ու հասարակությունը, այդ թվում՝ այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր գիտեն՝ ուր է տանում երկիրը Նիկոլ Փաշինյանը, բայց լռում են։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս