Ավերումն երկրոց
Չնայած մարդու ու շան բարեկամության ավանդույթին, շանտղությունը հայկական բանահյուսության մեջ ու սոցիալական հարաբերություններում դրական բնորոշում չէ։ Ոչ միայն դրական չէ, կիսագրական հայհոյանք է այլև, որի լակոնիզմը, սակայն, պարունակում է անհաշվելի շերտեր ու որակներ։ Արևմտյան կամ ռուսական լեզվամտածողության մեջ դրա հոմանիշն ավելի ուղիղ է ու գռեհիկ։ Էսթետիզմի, թե ստախոսության ժամկետի ու զրպարտության մասին ասույթներն ավելի գունեղ դարձնելու մղումով, մենք այդուհանդերձ բարեկամ շանն ենք հատկացրել զազրելի մեկին կամ նողկալի արարքը նկարագրելու համար կիրառվող բնորոշման հերոսի դերը։
Շանտղությունը մարդուն, բայց նաև մարդու գործունեության տարբեր տիրույթներին վերաբերող հատկանիշ է։ Եվ այդպիսին կարող է լինել նաև հաստատությունը՝ ԺԷԿ-ից մինչև պետություն։ Ընդհանրությամբ հանդերձ, մարդու ու պետության շանտղությունը միանգամայն տարբեր դրսևորումներ է ունենում, հետևանքների ողբերգականությունն էլ անհամադրելի է։
Ներվող շանտղություն չի լինում։ Եթե անգամ ձևացնում են, թե ներել են, քեֆի սեղանի ծայրին են նստեցնում ու վատ թիքա են տալիս։ Բարևելիս էլ՝ հիմնականում գլխով են անում, առանց ձեռք մեկնելու։ Գենետիկորեն կամ գուցե հիշողությամբ, ավանդույթի ու պատումի ուժով իմացողը գիտի, որ եղբորը ծախածի շանտղությունը ցմահ է, ու եղբոր հացը կտրողն այդպես կվարվի ցանկացածի հետ, եթե անգամ մեղանչում է։
Գյուղի ու փողոցի չգրված օրենքը տարածելի է նաև երկրների վրա։ Արյունակից ազգին ուրացող պետությունը տարբեր չէ եղբոր հացը գողացող թերմացքից։ Եվ երբ պետությունն է շանտղություն անում, ու դա ներվում է ներքնապես՝ քաղաքացիների կողմից, աշխարհում ներում չի լինում։ Ցույց են տալիս, թե ներում են, բայց նստեցնում են սեղանի ամենածայրին, թոփալ իշոտնուկի վրա, հրամցրածն էլ ոչ թե հյուրասիրություն է լինում, այլ ողորմություն՝ օգտագործման դիմաց։
Չներվող շանտղությունը պետությանը գործիք է դարձնում, օգտագործում են՝ ինչքան ու ինչպես պետք է։
Քաղաքականության բոլոր տեսակները՝ ներքինից մինչև արտաքին, սոցիալականից մինչև ռազմական, մարդաստեղծ են ու մարդակերպ, իմա՝ կախված ստեղծողներից, կարող են լինել և՛ առաքինի, և՛ գարշելի։ Ու ինչպես առաքինությունը, նույնպես և շանտղությունն անխուսափելիորեն տարածվում են պետության վրա՝ որպես հաղթական դրոշ կամ որպես խարան։ Եթե ժողովուրդները չեն գտնում երկրի վրա դաջված այդ բիծը ջնջելու ձևը, որը սկսվում, բայց չի ավարտվում քաղաքականությունը ստեղծածների վտարմամբ, ջնջվում է պետությունը՝ ժողովրդին թողնելով ջնջողների ողորմածությանը։
Որովհետև շանտղությունը հանդուրժվում է, բայց չի ներվում։
Հարություն Ավետիսյան