«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր կան ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է, և ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է կանգնած մնալ Լաչինի միջանցքի մոտ։
«Միևնույն ժամանակ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված, իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։
Միևնույն ժամանակ մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու համար, ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու համար։ Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց նոյեմբերի 9-ի ստորագրած փաստաթուղթը, մեջբերելով 7-րդ կետը, ըստ որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։
«Այս դրույթի և մյուս փաստերի չկատարումը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հայության հեռացումն է, լինի սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքուն շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում