Բաժիններ՝

Forbes-ն ամենահարուստ հայ է ճանաչել Քըրք Քըրքորյանին շրջանցած Սամվել Կարապետյանին

forbes-logo_98

Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ անձնանց ամենամյա ցուցակը: Միլիարդատերերի ակումբում են հայտնվել ռեկորդային քանակությամբ անձինք՝ 1426, ինչը 16 տոկոսով ավելի մեծ է՝ համեմատած նախորդ տարվա հետ:

Միջին հաշվարկով՝ նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 3.8 միլիարդ դոլար, ինչը 3 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 5.4 տրիլիոն դոլար, նախորդ դեպքում դա կազմել է 4.6 տրիլիոն դոլար:

Միլիարդատերերի քանակով շարունակում է առաջատար հանդիսանալ ԱՄՆ-ը՝ 442 միլիարդատեր: Չինաստանի ցուցանիշն է 112, իսկ Ռուսաստանինը՝ 110 մարդ: Ռուսաստանի ամենահարուստ մարդ է ճանաչվել Ալիշեր Ուսմանովը՝ 34-րդ տեղ և 17.6 միլիարդ դոլար:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին բաժին է ընկել 386 միլիարդատեր, Եվրոպային՝ 366 միլիարդատեր, Հյուսիսային (առանց ԱՄՆ-ի) ու Հարավային Ամերիկային՝ 129 միլիարդատեր և Մերձավոր Արևելքին ու Աֆրիկային՝ 103 միլիարդատեր:

Աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչել մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմը, ում կարողությունը գնահատվել է 73 միլիարդ դոլար: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյցը երկրորդն է՝ 67 միլիարդ դոլար, իսկ Zara ընկերության հիմնադիր իսպանացի Ամանսիո Օրտեգան երրորդը՝ 57 միլիարդ դոլար: Վերջինս մեկ տարում իր կարողությունն ավելացրել է գրեթե 20 միլիարդ դոլարով և ամերիկացի լեգենդար ներդնող Ուորեն Բաֆեթին (53.5 միլիարդ դոլար) մղել է չորրորդ տեղ:

Լարի Էլիսոնը հինգերորդն է՝ 43 միլիարդ դոլար, Չարլզ Կոխը՝ վեցերորդը՝ 34 միլիարդ դոլար, Դեյվիդ Կոխը՝ յոթերորդը՝ 34 միլիարդ դոլար, Լի Կա-Շինը՝ ութերորդը՝ 31 միլիարդ դոլար, Լիլիան Բետանկուրը՝ իններորդը՝ 30 միլիարդ դոլար և Բեռնար Առնոն՝ տասներորդը՝ 29 միլիարդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում տեղ զբաղեցրածներից 7-ի տարիքը կազմում է ավելի քան 70 տարեկան: 30 տարեկանից ցածր միլիարդատերերն են Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Դասթին Մոսկովիցը և Էդուարդո Սավերինը:

Ամենահարուստ հայ միլիարդատեր է ճանաչվել «Տաշիր» ընկերության հիմնադիր, 47-ամյա Սամվել Կարապետյանը, որի ցուցանիշը կազմել է 3.8 միլիարդ դոլար: Նա զբաղեցրել է 353-րդ տեղը, իսկ Ռուսաստանում՝ 29-րդ տեղը: 2012 թվականի զեկույցում նրա կարողությունը գնահատվել է 1.6 միլիարդ դոլար, 2011 թվականին՝ 1.4 միլիարդ դոլար:

95-ամյա Քըրք Քըրքորյանը զբաղեցրել է 412-րդ տեղը՝ 3.3 միլիարդ դոլար: Քըրքորյանն ԱՄՆ-ում 135-րդն է: 2012 թվականի զեկույցում նրա կարողությունը գնահատվել է 3.3 միլիարդ դոլար, 2011 թվականին՝ 3.5 միլիարդ դոլար, 2010 թվականին՝ 3.1 միլիարդ դոլար, 2009 թվականին՝ 5 միլիարդ դոլար, 2008 թվականի հոկտեմբերին՝ 11.2 միլիարդ դոլար:

41-ամյա Դանիլ Խաչատուրովն աշխարհում 613-րդն է, իսկ Ռուսաստանում՝ 42-րդը (2.4 միլիարդ դոլար): 2012 թվականի զեկույցում նրա կարողությունը գնահատվել է 2 միլիարդ դոլար, 2011 թվականին՝ 1.5 միլիարդ դոլար, 2010 թվականին՝ 1.2 միլիարդ դոլար, 2008 թվականին՝ 2 միլիարդ դոլար:

53-ամյա Սերգեյ Սարկիսովն աշխարհում 1088-րդն է, իսկ Ռուսաստանում՝ 74-րդը (1.35 միլիարդ դոլար): 2012 թվականի զեկույցում նրա կարողությունը գնահատվել է 1.2 միլիարդ դոլար, 2011 թվականին՝ 1.5 միլիարդ դոլար, 2008 թվականին՝ 1.5 միլիարդ դոլար:

Նրա եղբայր, 44-ամյա Նիկոլայ Սարկիսովն աշխարհում նույնպես կիսում է 1088-րդ տեղը, իսկ Ռուսաստանում՝ 74-րդ տեղը (1.35 միլիարդ դոլար): 2012 թվականի զեկույցում նրա կարողությունը գնահատվել է 1.2 միլիարդ դոլար, 2011 թվականին՝ 1.5 միլիարդ դոլար, 2008 թվականին՝ 1.5 միլիարդ դոլար:

Վրաստանի ամենահարուստ մարդ է ճանաչվել վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով իր 5.3 միլիարդ ցուցանիշով զբաղեցրել է 229-րդ տեղը: Forbes-ի 2012 թվականի ցուցակում նա 153-րդն էր՝ 6.4 միլիարդ դոլար: Այսինքն մեկ տարում Իվանիշվիլիի կարողությունը նվազել է 1.1 միլիարդ դոլարով:

«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դուրս է մնացել աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկից: Մեկ տարում նրա կարողությունը նվազել է 1.9 միլիարդ դոլարով, և նա իր 10.2 միլիարդ դոլարով 68-րդ տեղից նահանջել է 107-րդ տեղ:

Բրիտանացի հանրահայտ տնտեսագետ, 82-ամյա Ջորջ Սորոսը 30-րդն է՝ 19.2 միլիարդ դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս