Հայաստանը Վրաստանին առաջարկում է աջակցություն սողանքների դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Նշվում է, որ նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում:
Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ 25 մարդու որոնումները շարունակվում են: Սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Սողանքի հետևանքով վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։
Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության 2 ուղղաթիռ, շուրջ 400 փրկարար և կինոլոգներ։ Երկու օրվա ընթացքում հաջողվել է տարհանել 210 մարդու: