«Արցախում ստեղծվել է նախացեղասպանական իրավիճակ». Աշոտ Մելքոնյան
Արդեն 232-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, փակ է Արցախի կյանքի միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Այս պահին 120 հազար արցախահայեր գտնվում են հումանիտար աղետի մեջ, դրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը վտանգներ է ստեղծում նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր բուժման նպատակով արցախից տեղափոխվում են Երևան։ Հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետից առևանգել են Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, նա Կարմիր խաչի ուղեկցությամբ գալիս էր Երևան՝ սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու համար։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը մեկ բառով բնորոշեց Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը՝ նախացեղասպանական։
«Ցեղասպանագետները կարող են հաստատել իմ խոսքը, որ գոյություն ունի այդ հրեշավոր գործողության նախօրյակ՝ նախացեղասպանական իրավիճակ կոչվածը։ Բոլոր ցեղասպանությունների նախօրյակին եղել է նման բան, որը եղել է նաև 1890-ականների սկզբներին՝ Համիդյան ջարդերի նախօրյակին, երբ 1891 թվականին ստեղծվեցին «համիդյան ջոկատները», որոնք 30 գնդերի վրա հետագայում սկսեցին ընդարձակվել և իրականացնել 300 հազար հայերի կոտորած։ Նույնը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի հենց Կովկասյան ճակատի բացվելուց հետո, երբ մահմեդական բնակչությանը սկսեցին գրգռել հայության դեմ, և ստեղծվեց այդ նախացեղասպանական իրավիճակը՝ մինչև 1915 թվականի ապրիլի 24-ին՝ հայ մտավորականության, իսկ մայիսից սկսած՝ ամբողջ բնակչության տեղահանություններն ու կոտորածները։ Այնպես որ, այս իմաստով վստահաբար կարող ենք ասել, որ այսօր Արցախում ստեղծվել է նման իրավիճակ»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։
Այս համատեքստում պրոֆեսորը մատնանշեց՝ ուրախալի է, որ հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ն նման վտանգավոր իրավիճակը հասկանալով, հայտարարություն տարածեց՝ դիմելով աշխարհի խորհրդարաններին, նկարագրելով, որ Արցախում նախացեղասպանական իրավիճակ է, և հղում կատարելով 1948 թվականի դեկտեմբերի 9-ի հայտնի կոնվենցիային, բանաձև ցեղասպանությունների վերաբերյալ, որը հեղինակել է հրեա ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինը։
«Այնտեղ խոսվում է հետևյալի մասին, որ գոյություն ունի նախացեղասպանական իրավիճակ, և այդ կոնվենցիան ՄԱԿ 196 երկրներ վավերացրել են, և փաստորեն նրանք պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչը, Աստված ոչ անի, կարող է տեղի ունենալ Արցախում։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա այդ կոնվենցիան առաջին հերթին՝ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ է, հետո նոր՝ ցեղասպանությունների դատապարտման, այսինքն՝ տեղի ունեցածի դատապարտման։ Դրա համար այն կարևոր էր, որ պետք է նախացեղասպանական իրավիճակում կանխեր հնարավոր ցեղասպանությունը։ Այդ պատճառով էլ ՄԱԿ 196 երկրներ պատասխանատվություն են կրում այս ամենի համար, եթե, Աստված ոչ անի, նախացեղասպանական իրավիճակը վերածվի արդեն ցեղասպանական իրավիճակի։ Կարծում եմ՝ այս հայտարարությունը շատ տեղին էր, և մենք՝ որպես հանրություն ու ժողովուրդ, պետք է աշխարհով մեկ ահազանգ հնչեցնենք, որ նման բան հնարավոր է, և աշխարհը հավասարապես մեզ հետ պատասխանատվություն է կրում այդ ամենի համար և պարտավոր է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ հուլիսի 27-ի տարածած հայտարարությանմեջ մասնավորապես նշվում է.
«Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և Մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի «Բնակչությունը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտավորության մասին» բանաձևի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության մասին համաժողորդական հանրաքվեի արդյունքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքի, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշման, հակամարտ կողմերի միջև 1994 թվականի մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թվականի մարտի 31-ին ԵԱՀԿ Ղեկավար կազմի Առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եվրախորհրդարանի 2023թ-ի հունվարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» բանաձևի, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատված հուլիսի 6-ին) որոշումների, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի հունիսի 22-ի բանաձևի վրա.
Խստորեն դատապարտելով, որ ադրբեջանական կողմն առայսօր պարբերաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները»։