Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալու թույլտվություն տրվեց

Դավիթ Տոնոյանը կկարողանա ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

168.amգրել էր, որ հուլիսի 25-ին  Հակակոռուպցիոն դատարանը քննելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու նպատակով կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու հետ կապված:

Նշենք, որ հուլիսի 4-ին Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:

Եվ երեկ, ինչպես նշեցինք, Հակակոռուպցիոն դատարանը քննել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը, սակայն որոշումը հրապարակվել է այսօր:

Կարդացեք նաև

Դատարանը որոշել է բավարարել նախկին նախարարի միջնորդությունը և թույլ տալ ներկայանալ Քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:

168.am-ի տեղեկություններով, Դավիթ Տոնոյանին տրամադրվել է 2 օր՝ գնալ-գալով, ուղեկցումը լինելու է  «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ մեկ աշխատակցով և առանց ձեռնաշղթաների մինչև ԱԺ անցակետ: Այսինքն, դատարանը որոշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարին օգոստոսի 1-ին և 2-ին կարճաժամկետ մեկնման թույլտվություն տալ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լսումներին մասնակցելու նպատակով՝ մինչև հանձնաժողովի նիստի ավարտը, որից հետո 2 ժամվա ընթացքում Տոնոյանը պետք է ներկայանա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

168.am-ը գրել էր, որ նախքան հուլիսի 4-ին ներկայացված միջնորդությունը՝ հունիսի 27-ին, Դավիթ Տոնոյանը հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե գործող օրենսդրական իրավակարգավորումների շրջանակում հնարավո՞ր է ապահովել կալանավորված անձի մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, և եթե այո՝ ի՞նչ կարգով և պայմաններում:

Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կալանավորված անձի մասնակցության ապահովման վերաբերյալ իրավակարգավորումներ գործող օրենսդրությամբ նախատեսված չեն: Այսինքն, բարձրացված հարցը չի գտնվում Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում, և քրեական վարույթն իրականացնող մարմինն է միայն օժտված համապատասխան գործիքակազմով:

Մնում է հուսալ, որ Դավիթ Տոնոյանն իր ելույթի շրջանակում, որի վրա գուցե արդեն սկսել էր աշխատել, կանդրադառնա 44-օրյա պատերազմին առնչվող առանցքային հարցերին, ինչպես նաև նախապատերազմյան որոշակի հանգամանքների: Այլ կերպ՝ Տոնոյանի հրապարակային ելույթը չի լինի միայն պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և պնդումներին, այլ իր մեջ կպարունակի նաև որոշ չափով «նախահարձակ» տեղեկություններ:

Տեսանյութեր

Լրահոս