Վաղը պարզ կլինի՝ Տոնոյանին կթույլատրե՞ն գնալ Քննիչ հանձնաժողով
168.am-ի տեղեկություններով, վաղը՝ հուլիսի 25-ին, պարզ կդառնա, թե Հակակոռուպցիոն դատարանը կբավարարի՞ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու նպատակով կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու հետ կապված:
Նշենք, որ հուլիսի 4-ին Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:
168.am-ը գրել էր, որ նախքան միջնորդությունը՝ հունիսի 27-ին, Դավիթ Տոնոյանը հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե գործող օրենսդրական իրավակարգավորումների շրջանակում հնարավո՞ր է ապահովել կալանավորված անձի մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, և եթե այո՝ ի՞նչ կարգով և պայմաններում:
Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կալանավորված անձի մասնակցության ապահովման վերաբերյալ իրավակարգավորումներ գործող օրենսդրությամբ նախատեսված չեն: Այսինքն, բարձրացված հարցը չի գտնվում Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում, և քրեական վարույթն իրականացնող մարմինն է միայն օժտված համապատասխան գործիքակազմով:
Ի դեպ, եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա Քննիչ հանձնաժողովն օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի, ինչպես լրագրողներին ավելի վաղ հայտնել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, և պատրաստ են բացառիկ հնարավորություն տալ Տոնոյանին, որ արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնի։
Հետաքրքիր է՝ արդյոք Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովից գրություն ուղարկվե՞լ է դատարան, որպեսզի Տոնոյանին թույլ տան ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր։ Նշենք, որ մինչ այս պահը նման տեղեկություն հայտնի չէ:
Եթե գրություն ուղարկված չլինի դատարան, կամ դատարանը մերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարարի միջնորդությունը, կարող ենք ենթադրել, որ քաղաքական նպատակահարմարության հարց կա, ինչ-որ բան է փոխվել: Ի դեպ, վաղը Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրել: