Բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև, ժամը 15-ին տեղի է ունենալու բողոքի ցույց։ Ակտիվիստներն այդ քայլով ցանկանում են ցույց տալ իրենց դժգոհությունը՝ կապված  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Սերժ Սարգսյանին շնորհավորելու փաստի հետ:

«Ժողովրդավարական համարվող ազդեցիկ պետությունների այսօրինակ վարքագիծն արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը՝ այն դարձնելով որպես գործիք իրենց անձնական տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար՝ ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի:

Այն պետությունները, որոնք, ընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները, լեգիտիմացնում են Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմին, խոչընդոտում են Հայաստանում ժողովրդավարության, հետևապես՝ պետականության կայացմանը:

Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարողանում դիմակայել այն գերտերություններին, որոնք ինչ-ինչ քաղաքական խնդիրներ են լուծելով ճնշումներ են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով գնալ հակապետական գործարքների: Նախորդ 5 տարիների ընթացքում զոհասեղանին դրվեց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, ապա նաև ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի տեքստերից անուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս ժամկետի համար պահանջվելու է զոհաբերել Արցախը»,-ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս