«Եթե Փաշինյանին թվում է, թե ՀՀ վարչապետի գործառույթը փոստատարի աշխատանք կատարելն է, սխալվում է». Արմինե Ադիբեկյան

Այսօր տեղեկացանք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը:

Ավելի վաղ Արցախի Հանրապետությունից տեղեկացրել էին, որ նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։

Նման հարցերում նամականու ժանրով առաջնորդվելն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի համարում է ապարդյուն:

«Շառլ Միշելը լավագույն դեպքում կասի՝ «շնորհակալություն», այդ նամակը կդնի իր թղթապանակում և անգամ չի էլ կարդա: Բայց եթե անգամ կարդա, միևնույն է՝ դա ոչինչ չի փոխի, որովհետև Եվրոպան այսօր համագործակցում է Ադրբեջանի հետ և սպասարկում է Ադրբեջանի շահերը: Արցախյան հարցը կարող է վտանգել Եվրոպա-Ադրբեջան հարաբերությունները, ինչը Եվրոպայի համար անցանկալի զարգացում է, ու Փաշինյանը դա չի կարող չիմանալ:

Կարդացեք նաև

Ու եթե Փաշինյանին թվում է, թե ՀՀ վարչապետի գործառույթը փոստատարի աշխատանք կատարելն է՝ սխալվում է, որովհետև նամակ փոխանցելով չէ, այլ Հայաստանի և հայ ժողովրդի շահերն առաջ տանելով է, ինչը Փաշինյանը չի անում, և հակառակը՝ բոլոր հնարավոր ձևերով ոտնահարում է մեր արժանապատվությունը, իրավունքներն ու մեր ապագան,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց ադրբեջանագետը, ապա անդրադառնալով մեր դիտարկմանը, թե գուցե ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի ճակատագրից ունեցած դժգոհությո՞ւնն է Արայիկ Հարությունյանին դրդել դիմել արդեն արևմտյան հարթակներին, նշեց,- Նա միշտ էլ բոլորին գրել է ապարդյուն: Արայիկ Հարությունյանը կարող է անձամբ դիմել երկրագնդի բոլոր բնակիչներին. դա անիմաստ է, որովհետև նման հարցերը չեն լուծվում նամակագրությամբ, նման հարցերը լուծվում են շահերով, ուժով, վճռականությամբ»:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած համաժողովրդական շարժումը որևէ կերպ կազդի՞ այս պահին առկա բանակցային գործընթացների վրա՝ մեր հարցադրմանն ի պատասխան էլ՝ Արմինե Ադիբեկյանն ուշադրություն հրավիրեց այդ շարժման միջազգային արձագանքներին՝ արձանագրմամբ, որ Արցախում կատարվողի մասին միջազգային մամուլում գրեթե անդրադարձներ չկան:

«Այն, ինչ չի բխում Եվրոպայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերից, նրանք չեն նկատում, չեն տեսնում, կամ ծաղրում են,- հավելեց մեր զրուցակիցը՝ այս պահին բանակցային պրոցեսում իրավիճակ փոխելու միակ ելքը համարելով բանակցողի փոփոխությունը,- Այս հարցն ունի մեկ լուծում՝ Փաշինյանի պաշտոնաթողությունը, նրա ամբողջ խունտայի պատիժը և խիզախ ու բանիմաց մարդու ընտրությունը, որը կկարողանա բանակցային, ռազմական հարթակներում ներկայացնել մեր շահերն այնպես, ինչպես եղել է վերջին 20 տարվա ընթացքում»:

Տեսանյութեր

Լրահոս