Բաժիններ՝

Իսպանիայում ցլերի հետ վազքի ընթացքում շուրջ 40 մարդ է տուժել

Նավարայի մարզի Պամպլոնա քաղաքում շուրջ 40 մարդ է տուժել «Սան Ֆերմինի» փառատոնի շրջանակներում ցլերի հետ ամենօրյա վազքին (էնսիեռո) մասնակցելիս։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչի տարածաշրջանային բաժանմունքի հաղորդագրությունը։

Այս տարվա փառատոնի վերջին՝ ութերորդ վազքի ժամանակ, վնասվածքներ է ստացել 6 մարդ։ Ցլերի հետ վազքերը Պամպլոնայում մեկնարկել են հուլիսի 7-ից: Ըստ ավանդույթի՝ դրանք սկսվել են տեղական ժամանակով ուղիղ ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով 10:00-ին) և տևել երեք րոպեից պակաս:

Նավարայի հովանավոր Սուրբ Ֆերմինի պատվին փառատոնը Պամպլոնայում մեկնարկել է հուլիսի 6-ին և պաշտոնապես կավարտվի հուլիսի 15-ին։ Դրա կարևորագույն իրադարձությունը ցլերի հետ վազքերն են, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ, հետապնդվելով ազատ արձակված կենդանիների կողմից, մի քանի րոպե վազում են նեղ փողոցով:

Վազքի մասնակիցներ կարող են դառնալ ինչպես տեղացի բնակիչներն, այնպես էլ զբոսաշրջիկները։ Հաճախ շատերը, փախչելով ցլերից, դիտավորյալ նվազագույն հեռավորություն են պահպանում կենդանիներից՝ իրադարձությանն ավելի լարված բնույթ տալու համար։ Իսկ ովքեր չեն համարձակվում մասնակցել էնսիեռոյին, կարող են այն դիտել ապահով վայրից։

«Սան Ֆերմին» փառատոնը հայտնի է դարձել Էռնեստ Հեմինգուեյի 1926 թ․-ի «Եվ ծագում է արևը» («Ֆիեստա») վեպից։

1910 թ․-ից ի վեր ցլերի հետ վազքի ընթացքում 16 մարդ է մահացել, որոնցից ամենավերջինը՝ 2009 թ․-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս