ՀՀ-ում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ․ Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել է, թե ակնհայտ է, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։
Ըստ նրա՝ միջազգային հանրությանը և, առաջին հերթին, Ադրբեջանին ու Հայաստանին ԵՄ առաքելության հաշվետվողականության բացակայությունը ամրապնդում է կասկածները, որ ԵՄ գործունեության մեջ կա թաքնված օրակարգ «տեղում», առաքելության մանդատում «երկրորդ հատակի» առկայություն «քաղաքացիական» բնույթի քողի տակ։
Զախարովայի խոսքով՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ ոչ միայն մենք ունենք բազմաթիվ հիմնավորված հարցեր տարածաշրջանում ԵՄ-ի գործողությունների իրական դրդապատճառների վերաբերյալ։
«Մենք տեղյակ ենք Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու՝ Եվրամիության հայտարարած ծրագրերին, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր հենակետերը Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում»,- ասել է Զախարոբան, որ խոսքերը մեջբերել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ըստ նրա՝ ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։
«ԵՄ ներկայության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ականները գործնականում պարտադրեցին իրենց ներկայությունը։ Առաքելության մեկնարկը, որի նպատակը հայտարարվել էր Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին, տեղի ունեցավ միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվողականության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար գլխավորը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի,- ասել է նա։