Փոսերն ինտենսիվ փորված են, բայց անցնում էի կողքով չեմ տեսել, որ ինտենսիվ աշխատեն. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ հունիսի 12-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինբարեկարգման վարչության ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը զեկուցեց վարչական շրջանների փողոցների փոսանորոգումների աշխատանքի մասին՝ նշելով, որ Էրեբունի-Նուբարաշեն չափաբաժնի և Շենգավիթ-Աջափնյակ չափաբաժնի կապալառու կազմակերպության հետ պայմանագրի խզման են գնացել, ծավալների վերահաշվարկ են անում, հրատապ կկազմակերպեն նոր մրցույթ։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ «հրատապը նոր մրցույթ չէ, հրատապը գնում է մեկ անձից».
«Արդեն որերորդ շաբաթն է՝ խոսում եմ փոսերի մասին. Երրո՞րդ, չորրո՞րդ։ Նախորդ նիստից հետո հատուկ փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների հետ։ Դեռ այդ փոսերի մասին մեր քննարկումներն ակտուալ են։ Ինչքա՞ն ասեմ՝ փոսեր։ Փոսեր, փոսեր, փոսեր։
Ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու: Վարչական շրջանների ղեկավարներ, երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն էլ ձեր պատասխանատվությունն են, ուզում եմ հիշեցնել: Ի՞նչ չունեք, ֆինանս չունեք:
Ո՞րն է խնդիրը, ո՞վ կարող է պատասխանել: Երեք շաբաթ է՝ հայերեն լեզվով ասում եմ՝ փոսերը… Աջափնյակի մետրո պետք է կառուցենք։ Մի ամիս է՝ փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասենք՝ այս մեկը՝ սենց, այն մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։
Ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել։ Ես հատուկ այստեղ չեմ քննարկում, նախորդ նիստից առաջ բոլորիդ հավաքում եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, փոսերի անուն չլսեմ: Սա վերջին շաբաթն է։ Հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզում եք՝ անձամբ գնացեք, այդ ասֆալտը լցրեք։ Հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց՝ ինձանից չնեղանաք»,- ասաց Ավինյանը։