Օրվա իշխանությունները ոչնչացնում են այն նվաճումները, որոնք նախկինում ունեցել է հայկական կողմն այդ ուղղությամբ. Լարիսա Ալավերդյան

Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն իր հայտարարությամբ վկայում է, որ ծանոթ չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրավական հիմքերին:

«Այդ առումով իր ասույթն ամբողջովին իրենից ներկայացնում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը համաձայնություն տալ,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը՝ ցավով արձանագրելով, որ Միլլերը միակը չէ, որ նման պատկերացումներ ունի հիմնախնդրի մասին,- Սա վկայում է նաև օրվա իշխանությունների կողմից Արցախի հիմնահարցի ճշմարիտ պատկերն աշխարհի շահագրգիռ հարթակներում ներկայացնելու ուղղությամբ արված ոչ բավարար աշխատանքների մասին:

Դա գուցե ոչ լիարժեք ձևով էր արվում նախկինում, սակայն նախկինում բավականին շատ և կոնկրետ ուղղություններով աշխատանք իրականացվել է: Ինչ վերաբերում է օրվա իշխանություններին՝ նրանք ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկում, այլև ոչնչացնում են այն համեստ նվաճումները, որոնք նախկինում ունեցել է հայկական կողմն այդ ուղղությամբ»:

Հիշեցնենք՝ Մեթյու Միլլերը ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ին արված հայտարարությունները։

Կարդացեք նաև

Իրավապաշտպանը նշեց, որ օրվա իշխանություններն այսօր նույնիսկ հրաժարվում են այն պարտականություններից, որոնք նախատեսված են հենց Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ:

«Դա կոչվում է իրավական անսահման կամայականություն. այսինքն՝ չկա որևէ զսպող բան, որ կարողանա այս իշխանությունների կամայականությունները կանխել»,- շեշտեց նա:

Դիտարկմանը, թե այդուհանդերձ, Մեթյու Միլլերին ՀՀ արտաքին գերատեսչությունից արձագանքել են, Լարիսա Ալավերդյանն արձագանքեց. «Արտաքին գործերի նախարարությունը պատասխանում է իրավիճակային, այսինքն՝ արձագանքում են այդաստիճան անտեղյակությանը, կամ պարզապես հակաիրավական հայտարարությանը, բայց եթե մենք նայում ենք՝ ինչքանով է հետևողական եղել օրվա իշխանությունն այդ ուղղությամբ, կրկնում եմ՝ բավարար չէ»:

Այսօր Քիշնևում նախատեսված հանդիպմանն անդրադառնալով՝ հանրային գործիչն ասաց, որ որևէ նորություն, բեկում պետք չէ սպասել:

«Մինչ այսօր Հայաստանից չի հնչել ոչ իշխանական միասնական մոտեցում և կարծիք տեղի ունեցողի վերաբերյալ. ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը և նման հանդիպումները, որոնք տեղի են ունենում ԵՄ հովանու ներքո, ինչ-որ բանով սահմանափակված են շարունակել իրենց հակաիրավական և ամբողջովին Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը համաձայնություն տվող քաղաքականությունը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս