Մեզ համար ամենամեծ պրոբլեմն անորոշությունն է. Նիկոլ  Փաշինյան

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի շուրջ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը։

Նա ներկաներին որոշ տեղեկություններ փոխանցեց  Ռեյկյավիկում տեղի ունեցած Եվրոպական խորհրդի երկրների գագաթնաժողովի մասին, որին մասնակցել է ինչպես ինքը, այնպես էլ՝ ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ։

«Կարող եմ ասել, որ միջազգային հանրությունն ըստ էության ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները և ընդգծում է  համոզվածությունը Հայաստանի Կառավարության նվիրվածության նկատմամբ՝ ժողովրդավարական բարեփոխումներին։ Սա շատ կարևոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ։ Բայց նաև մեր գործնական խնդիրն է՝ ինչպես այդ գործոնը տրանսֆորմացնել ՀՀ քաղաքացիների բարեկեցության, երջանկության ու անվտանգության ավելի բարձր աստիճանի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հարաբերությունները հարևան Իրանի ու Վրաստանի հետ բնականոն զարգանում են, սերտ համագործակցության մեջ են, սակայն սա չի նշանակում, որ ողջ պոտենցիալն օգտագործված է։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո կկարողանան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն հունով շարունակել։

«Կարծում եմ՝ մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ նույնպես բնականոն կերպով զարգանում են։ Բայց, իհարկե, մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք ոչ սովորական ժամանակներում, ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային առումով, որտեղ մեզ համար՝ սկսած ներկաներից, վերջացրած՝ ՀՀ քաղաքացիներով, ամենակարևոր պրոբլեմն արտաքին և անվտանգային առումով անորոշությունն է, և սա պետք է խոստովանել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս