Հայաստանի և Ադրբեջանի շահերը. Ինչո՞ւ Փաշինյանը հիշեց 1999թ. տարածքների փոխանակման մասին փաստաթուղթը

Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների թեմային, հայտարարել է, թե անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց:

«Հրապարակված փաստաթղթերից 1999թ. տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է անկլավներին, եթե ճիշտ եմ հիշում հոդվածի թիվը: Հարցը քաղաքական և իրավական կողմ ունի: Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, այսինքն՝ որ կա Արծվաշեն, որը պատկանում է, պատկանել է Հայաստանի Հանրապետությանը, և անկլավներ հիմա, որ Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին. Այո՛, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք:

Եվ ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն նրանցից մի քանիսի հետ կապված»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը՝ ակնարկելով, որ այս հարցում ճկունության շատ մեծ տեղ կա:

«Երբ ասում ենք՝ փոխանակություն, մի մասը մի կերպ է հասկանում, մի մասը այլ կերպ՝ փոխանակությունն այն է, որ նրանք գալիս են՝ մենք գնում ենք, կամ ընդհակառակը՝ նրանք չեն գալիս, մենք չենք գնում: Նախ՝ որևէ բան որոշված չէ, սկսենք ամենակարևորը դրանից»,- շեշտել էր նա:

Կարդացեք նաև

Մենք մեր ազգային շահերի գնով որևէ զիջման չենք գնա. Փոխզիջման համաձայն ենք

Վերադառնանք Փաշինյանի հիշատակած և հրապարակված 1999թ. տարածքների փոխանակման մասին փաստաթղթին, կամ, ավելի ճիշտ սկզբունքներին: Նախ հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 9-ին Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծել էր «10 տարի թաքցված» մի փաստաթուղթ՝ այն որակելով «մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ»:

«Դա խոսակցության առարկա եղել է, շշուկներ եղել են այս հարցի մասին, բայց իշխանությունները նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի բերանով մշտապես հերքել են այս փաստը՝ չկա և վերջ: Դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը և այն ժամանակ Անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի, ես այդ փաստաթղթից կկարդամ ընդամենը 2 հոդված: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, սա լավ հոդվածն է, նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը 1988թ. սահմաններով փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք»,- նշել էր Տեր-Պետրոսյանը և հավելել.

«Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք Անվտանգության խորհրդի նիստում խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր, որ վճարեցին: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը խափանեցին այս դավադրությունը, դավաճանությունը խափանեցին կյանքի գնով: Եթե մեր հետաքննության մեջ այս հարցը չի դիտվել՝ որպես Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամենահավանական մոտիվներից մեկը, ապա դա այն պատճառով, որ հետաքննության մարմիններին հայտնի չի եղել այս փաստաթուղթը: Փաստաթղթի հրապարակումից հետո, ես վստահ եմ, սա լինելու է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը»:

Եթե մի կողմ դնենք Լևոն Տեր-Պետրոսյանի ներքաղաքական որոշակի տրամադրվածությունը, ՀՀ առաջին նախագահը, ըստ էության, հաստատում է այն պնդումները, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ետևում արտաքին գործոն կա:

Սա առանձին քննարկման թեմա է, տվյալ դեպքում մեր խնդիրը մի փոքր այլ է: Ամեն դեպքում, հիշեցնենք՝ 168.am 2021 թվականի հոկտեմբերի 27-ին գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը Վազգեն Սարգսյանին առաջարկել էր 2000թ. Ադրբեջանի հետ գտնել Արցախի հարցի լուծումը և գնալ ապաշրջափակման:

ԱՄՆ կատարած այցի շրջանակում Վազգեն Սարգսյանը Նյու Յորքի «Արձագանք» հայկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում որոշ մանրամասներ հայտնել էր.

«Ղարաբաղի հարցի լուծումը, ցավոք սրտի, գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ժամանակ տրվում է՝ որպես անկյունաքար: Ղարաբաղի հարցի լուծմամբ են պայմանավորվում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հարաբերությունները: Ասել է թե՝ տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում և այլն: Փոխնախագահ Գորի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նմանապես հստակ դրվեց: Առաջարկվում է 2000 թվականի ընթացքում արդեն Ադրբեջանի հետ գտնել հարցի լուծման բանալին, եթե ոչ՝ հարցի լուծումը: Հստակ ասվում է՝ Ղարաբաղի հարցի լուծումից հետո տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա, և ՀՀ-ի առաջ կբացվեն բլոկադայի, ներդրումների դռները, ինչպես որ հաճախ ասվել է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության, համարում ենք, որ մեր երկրի զարգացման ուղին տարածաշրջանային համագործակցությունն է:

Մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի: Նույն կարգով՝ նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Իհարկե, բլոկադայի վերացումը, ճանապարհների բացումը, առևտրատնտեսական հարաբերությունները դրանք անհրաժեշտ են, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի, և մենք շատ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեզ ճիշտ հասկացան: Ղարաբաղի հարցում, թերևս, այսքանը:

Այսինքն, դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխություն չկա: Մենք համաձայնություն տվել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկության շրջանակներում՝ վերսկսել բանակցությունները, նախագահ Քոչարյանի և նախագահ Ալիևի միջև բանակցություններն ընթանում են: Զուգահեռ բանակցություններն ընթանում են նաև Արտաքին գործերի նախարարների միջև: Տեսնենք, թե դեպի ուր մեզ կհասցնեն այդ բանակցությունները: Նորից եմ կրկնում՝ նախագահի մոտ համոզմունքը նույնն է, ինձ մոտ համոզմունքը նույնն է, որ մենք մեր ազգային շահերի գնով որևէ զիջման չենք գնա: Փոխզիջման համաձայն ենք»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի հարցազրույցում ասել էր, թե «Մեղրին հանձնելու տարբերակը Փոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար»:

«Տարածքների փոխանակման սկզբունքներ» կոչվող տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր ու կդառնար Մինսկի խմբի առաջարկ: Այդ տարբերակը մերժել է և հայկական, և ադրբեջանական կողմը: Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքները մերժել ենք` պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը»,- Aniarc.amփոխանցմամբ, ասել էր Քոչարյանը:

Ինձ համար անհասկանալի են տեսակետները, որ մեր հաղթաթուղթը՝ Մեղրին, մեր կրծքին սեղմած պետք է պահենք

Նիկոլ Փաշինյանը երեկվա հայտարարությամբ հիշեցնում և հղում էր կատարում 1999թ. տարածքների փոխանակման սկզբունքներին, իսկ այսօր արդեն ՔՊ-ական պատգամավորները հիշել են Մեղրին, մենք էլ մեր հերթին՝ հիշեցնենք «Մենք ու մեր շահերը» վերտառությամբ և 2001-ին «Հայկական ժամանակում» տպագրված անանուն հոդվածը, որի հեղինակը՝ դեռ այն ժամանակ շատերն էին վստահ, Նիկոլ Փաշինյանն էր:

Հետաքրքիր է, որ այս հոդվածում շարադրված շատ մտքեր գրեթե նույնությամբ Փաշինյանը երեկ հնչեցնում էր խորհրդարանի ամբիոնից:

«Մեղրիի անջատման ծրագիրը իր բնույթով շատ է նման 1915 թվականի ցեղասպանության ծրագրին. դրդապատճառների առումով: Այն ժամանակ էլ հայերը, անտեսելով սեփական շահերը, ընկել էին անսահման ռուսասիրության ու չուզողության գիրկը: Իսկ թե ինչ ստացվեց դրանից, գիտենք բոլորս: Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետև այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:

Ի դեպ, Թուրքիան Նախիջևանի հետ երկաթուղային կապ չունի, ու Նախիջևան հասնելու համար թուրքերը ստիպված կլինեն օգտագործել մեր երկաթուղին՝ Գյումրի-Երևան-Երասխ գծում, ու վճարել դրա համար: Թե սա քանի միլիոն դոլար է մեր բյուջեի համար, թող հաշվեն տնտեսագետները: Այսինքն, կոմունիկացիաների բացման գաղափարը այնքան էլ վատը չէ: Այլ բան, որ այդ գաղափարը Քոչարյանի նմանների մասնակցությամբ դարձել է բոբո այս ազգի գլխին: Որովհետև նրանք կոմունիկացիան բացելը շփոթում են հողը հանձնելու հետ: Իսկ որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչ տեղի կունենա Մեղրին հանձնելուց հետո. անմիջապես կհետևի Թուրքիա-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որից հետո Հայաստանն ընդհանրապես կվերածվի փակուղու: Իսկ քանի դեռ սա տեղի չի ունեցել, մեզ պատմական շանս է տրված դառնալ այս տարածաշրջանի սիրտը, արևմուտքի ու արևելքի հատման կետը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Այդ շանսը օգտագործելու համար պետք են հետևյալ պայմանները.

1. Կտրել ցանկացած ձեռք, որ կփորձի Մեղրին կամ Մեղրիի վերահսկողությունը հանձնել ուրիշին:

2. Գիտակցել, որ Հայաստանը կարող է ունենալ ռուսական շահերից տարբերվող շահեր:

3. Գիտակցել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեր հարևաններն են, ու նրանց հետ հարաբերությունների բարելավումը կենսական հարց է:

4. Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա: Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաև Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը»,- ուղիղ 22 տարի առաջ, 2001 թվականի մայիսի 23-ին գրել էր «Հայկական ժամանակի» անանուն հոդվածագիրը:

Ի դեպ, հոդվածի հետգրության մեջ մի կարևոր տեղեկություն կար. «ԱՄՆը հանձնարարում է Մեղրին հանձնել, Քոչարյանը սկսում է հանձնման գործընթացը: Ռուսաստանը հանձնարարում է Մեղրին չհանձնել՝ Քոչարյանը ի դեմս դաշնակցության՝ ընդդիմանում է Մեղրին հանձնելուն: Ու Քոչարյանն ինքը Հայաստանի՝ սեփական շահերի մասին պատկերացումների բացակայության մարմնավորում է: Քոչարյանի վարած քաղաքականությունը, եթե այն վերծանենք, հետևյալն է. Հայաստանը շահեր չունի, շահեր ունեն ուրիշները, և մենք պետք է ընտրենք, թե ում շահերին ենք ծառայում»:

Երբ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր լրագրողը 2018-ի «թավշյա հեղափոխություն»-ից հետո դարձավ ՀՀ ղեկավար, մենք հայտնվեցինք 2001 թվականին հրապարակված հոդվածի հետգրության մեջ նկարագրված իրավիճակում: Այն ժամանակ էլ հեղինակը խնդիր էր դրել՝ ո՞ւմ շահերին պիտի ծառայենք, այսօր էլ Նիկոլ Փաշինյանը նույն խնդիրն է դրել ու փորձում է կյանքի կոչել, ու հանրությանը համոզում է, որ դա հենց մեր շահերից է բխում:

Հիմա էլ հիշեցնենք «Հայկական ժամանակի» 2003 թվականի փետրվարի 19-ի համարում տպագրված հոդվածը՝ «Տարածքների փոխանակման վերադարձը-2. կամ՝ ի՞նչ են ասել Ժակ Շիրակն ու Վլադիմիր Պուտինը»: Հետաքրքիր է, որ 2003-ին հրապարակված հոդվածը «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը նպատակահարմար է գտել վերաթողարկել 2016 թվականի փետրվարին 19-ին, ապրիլյան պատերազմից մի քանի շաբաթ առաջ:

«Ֆրանսիայի և ՌԴ նախագահներ Ժակ Շիրակի և Վլադիմիր Պուտինի՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած փարիզյան հանդիպումից հետո թե՛ պաշտոնական Բաքուն և թե՛ Ադրբեջանի հանրությունը շտապում են իրենց վրդովմունքը արտահայտել Շիրակի և Պուտինի կողմից արված այն արտահայտության կապակցությամբ, թե ԼՂ-ի հարցը, ի տարբերություն չեչենականի, կարող է և չլուծվել տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»,- գրված էր հոդվածի նախաբանում, ապա Արման Կարապետյան անունով հեղինակը շարունակում է.

«Այսպիսով, Պուտինի և Շիրակի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ տարածքների փոխանակման սկզբունքը ԼՂ-ի հարցի կարգավորման համատեքստում շարունակվում է դիտարկվել և գոյություն ունեցող հիմնական տարբերակն է: Այս ֆոնին առնվազն տարօրինակ է, որ երկու գերտերությունների ղեկավարների հայտարարությունը այդպիսի մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանում, և ընդհակառակը՝ այդպիսի խանդավառություն Հայաստանում: Այս երևույթը կարող է երկու բացատրություն ունենալ. կամ պաշտոնական Երևանը համաձայն է տարածքների փոխանակման գաղափարին, կամ որոշել է նախընտրական այս շրջանում ադրբեջանցիների խուճապը օգտագործել սեփական նպատակներով՝ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին մտահոգությունը թողնելով ավելի հարմար ժամանակների: Իսկ ընդհանրապես, բացառված չէ, որ Ադրբեջանի իշխանությունները, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ընդամենը նախընտրական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի իշխանություններին՝ ի ցույց դնելով Ադրբեջանի վարած քաղաքականության հերթական պարտությունը և Հայաստանի վարած քաղաքականության հերթական հաղթանակը: Եվս մեկ հայկական մոլորություն՝ այս ֆոնին չափազանց ուշագրավ է. շատերին թվում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումը ավտոմատ նշանակում է ԼՂ-ի անկախություն կամ միացում Հայաստանին: Այս մոլորությունը գալիս է նրանից, որ երկար տարիներ Հայաստանը և Ադրբեջանը բանավիճում էին, թե ինչ սկզբունքների հիման վրա պետք է լուծվի ԼՂ-ի հարցը: Հայաստանն այս հարցում առաջնային էր համարում ազգերի ինքնորոշման, իսկ Ադրբեջանը տարածքային ամբողջականության սկզբունքը: Ու այդ երկար բանավեճի պատճառով տպավորություն է ստեղծվել, թե Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքի չկիրառումը ավտոմատ նշանակում է Հայաստանի պնդած սկզբունքի կիրառում: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նախկինում ԼՂ-ի հարցի կոնտեքստում Հայաստանի որևէ տարածքի սուվերենությունը չէր վիճարկվում, և խոսքը բացառապես «Խորհրդային Ադրբեջանի մաս կազմած Ղարաբաղի մասին էր»: Սակայն, ներկայումս ոչ թե Ղարաբաղի տարածքն է վիճարկման առարկա, այլ Ադրբեջանի Լաչինի, և Հայաստանի Մեղրրի շրջանների՝ այն ընդհանրությամբ, որ այդ տարածքների հարցը քննարկվում է ԼՂ-ի հակամարտության կարգավորման համատեքստում: Իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ամեն դեպքում մնում է առկախ ու տեղավորվում է «դե ֆակտո՝ անկախ, դե յուրե՝ Ադրբեջանի կազմում», կամ «Ընդհանուր պետություն» տեսական բանաձևերի շրջանակներում»:

Փաստորեն, 20 տարի անց Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Հայաստանի ընդունած՝ ազգերի ինքնորոշման սկզբունքից և առաջնային համարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարում էր, որ «անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց… անկլավներ հիմա կան Հայաստանի տարածքում, որոնք պատկանել են Ադրբեջանին»: Եվ այսօր Փաշինյանն իր գործողողություններն ու Տավուշի գյուղերի հանձնման պատրաստակամությունը փորձում է արդարացնել՝ հղում տալով ուժի մեջ չմտած տարածքների փոխանակման մասին սկզբունքների կամ համաձայնագրի, օրինակ, 4-րդ հոդվածին, որտեղ ամրագրված է նաև «Ղազախի շր­ջաններից հայկական ուժերի դուրսբերման մասին» դրույթը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչպես ոմն Արման Կարապետյանն իր հոդվածում էր ակնարկել, «Ադրբեջանի իշխանությունները, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում», աջակցում են Հայաստանի իշխանություններին: Ի վերջո, Ադրբեջանի նախագահը 2018-ին մի առիթով խոստովանել էր հրապարակավ, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում և հետո՝ պահպանելով հրադադարը, աջակցել են Փաշինյանին:

Տեսանյութեր

Լրահոս