«Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, քանի որ շատ խանգարիչ դեր է խաղում Արցախի համար». Մարտին Եսայան
Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանի մեկնաբանությամբ՝ միամտություն է կարծել, որ Ադրբեջանը դիվանագիտական բանակցությունների արդյունքում կարող է Հակարիի կամրջի վրա տեղադրված անցակետը հանել, կամ բացել Բերձորի ճանապարհը։
«Ադրբեջանն ինչ ճանապարհ ընտրել է ի սկբանե, դրանով էլ ուղղորդվելու է, երբեք չի զիջելու որևէ բան, կամ էլ չի ընկերանա հայ ժողովրդի հետ։ 1988 թվականին, երբ սկսվեց արցախյան շարժումը, հայ ժողովրդի ձեռքից վերցրեցին նույնիսկ որսորդական հրացանները, ճանապարհները փակեցին, տեղի ունեցավ շրջափակում, դրանից հետո էլ ամեն ինչ սկսվեց։ Այսօր այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ կարծես թե մեկն ուրիշն է գալու, մեր փոխարեն՝ մեզ այս ամենից հանի։
Ոչ, չկա նման բան, մենք նորից պետք է ամեն ինչ սկսենք, ընտրենք մեր պայքարի ուղին՝ որդեգրելով մի քաղաքականություն, որը մեզ կտանի հաղթանակի»,-168.am-ի հետ զրույցում նշեց Մարտին Եսայանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին ու արցախահայության անելիքներին։
Թե ինչպես պետք է նորից ոտքի կանգնեն, ազատամարտիկը շատ փակագծեր չբացեց՝ ասելով, որ այդ մասին մտածել են, բազմիցս, այսպես ասած, ծանր ու թեթև են արել, բայց մեծագույն խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այլ կերպ է մտածում։
«Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, քանի որ շատ խանգարիչ դեր է խաղում Արցախի համար, այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, տրամաբանությունից դուրս է։ Նրանց ընտրած ցանկացած ուղի տանումէմիայն պարտության, որովհետև մենք այստեղ այլ կերպ ենք խոսում ու մտածում, բայց Նիկոլ Փաշինյանը գնում է, դրսում մեզ հակառակ բաներ է անում»,-շեշտեց Մարտին Եսայանը։
Ի պատասխան դիտարկման, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, և արցախահայությունն է իր ճակատագրի որոշողը, Մարտին Եսայանն ընդգծեց, որ պատմությունը նորից կրկնվում է, հիշեցրեց Մխիթար սպարապետի խոսքը՝ եթե Արցախն ու Սյունիքը տանք թշնամուն, ապա տապանաքար կդնենք հայոց պետականության վրա։
«Փաշինյանն այդքան խորհրդականներ ունի, բայց մեկն իրեն նորմալ խորհուրդ չի տալիս, թե այս ի՞նչ ուղի ես ընտրել, այս ո՞ւր ես գնում։ Այսօր գնացել, Արևմուտքից դիտորդներ է բերում-կանգնեցնում սահմանին՝ զինված միայն գրիչով, թղթով ու հեռադիտակով։
Վստահեցնում եմ, նրանք լրտեսներ են և ամեն ինչ փոխանցում են Թուրքիային ու Ադրբեջանին»,-հավելեց Մարտին Եսայանը։
Մեր զրուցակիցը համաձայն չէ այն կեղծ թեզերի հետ, թե վիճակն այնքան օրհասական է, որ նույնիսկ ՀՀ իշխանությունների հեռանալուց հետո հնարավոր չի լինի շտկել։
«Պետք է պայքարել, շուտով ամեն ինչ փոխվելու է, և Ադրբեջանն իր կատարած վայրագությունների համար պատասխան տալու է։ Ավելին՝ եթե Թուրքիայում ընտրվի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ապա 50-60 տոկոսով Թուրքիան երես է թեքելու Ադրբեջանից։
Որքան էլ այսօր թշնամին լավ դիրքավորված լինի, սա նրան առավելություններ չի տալիս։ Մենք ժամանակին ավելի խայտառակ դրության մեջ ենք եղել, չենք ունեցել զենք, հաց, ջուր, բայց այժմ ամեն ինչ ունենք, ամեն ինչ։ Այդ ամենն օգտագործելու ժամանակը գալու է, Ադրբեջան իր «դիշովկա» քայլերի պատասխանը կտա, որի պատճառով այսօր մեր երեխաներն են տուժում։ Հայ ազգն ուղղակի պետք է մեկ բան գիտակցի, եթե Արցախը կորցնենք, կկորցնենք ամեն ինչ, հետևաբար՝ լավ պետք է մտածեն իրենց ապագայի մասին»,-եզրափակեց Մարտին Եսայանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ տեղադրեց մաքսակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Բերձորի ճանապարհը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակած ադրբեջանական կեղծ «բնապահպանները» մաքսակետերի տեղադրումից հետո հայտարարեցին, որ ժամանակավոր բացում են ճանապարհը, քանի որ իրենց պահանջների մի մասը կատարվել է:
Այսինքն, կարելի է կարծել, որ նրանց պահանջների կատարված մասը վերաբերում էր մաքսակետ տեղադրելուն: Այդուհանդերձ, ակտիվիստների դուրս գալուց հետո այդ ճանապարհը փակեցին և՛ ադրբեջանական ոստիկանության, և՛ ուժային այլ կառույցների ներկայացուցիչները։ Այս ամենի արդյունքում վեց գյուղ՝ Լիսագորը, Մեծ Շենը, Հին Շենը և Եղցահող համայնքը՝ իր գյուղերով, գտնվում են տոտալ շրջափակման մեջ. չեն կարողանում հասնել՝ ինչպես Հայաստան, այնպես էլ՝ Արցախ։