«Պատժելով» Փաշինյանին՝ Թուրքիան ուղերձ է հղում հայ ժողովրդին. ռուս թուրքագետ
Թուրքիան «չի մարսում» «Նեմեսիս» գործողության հերոսների արձանի տեղակայումը մայրաքաղաք Երևանում այն դեպքում, երբ դա մասնավոր նախաձեռնություն էր, իսկ իշխանությունը հրաժարվել է ընդհանրապես պահանջատիրությունից և թրքահաճո քաղաքականություն է վարում։
Օրերս՝ ապրիլի 29-ին, Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ էր համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել էր «սադրանք»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ սադրանքներ կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։
Ավելին՝ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP-անձանց օդանավերի երրորդ երկրներ թռիչքների համար, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին 24TV-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով։ Հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP-երի համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար»,- ասել էր Չավուշօղլուն։
Սակայն ՀՀ իշխանությունները շտապեցին մեղմել Չավուշօղլուի զայրույթը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ։
«Կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության ամենամեծ թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարն ամեն ինչ և բոլորին չէ, որ վերահսկում է, այդ թվում՝ մեր թիմին, և եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել էր Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ «Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ»։
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման փուլում այս դրվագին, ասաց, որ Թուրքիան հստակ հասկանում է, որ դա ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը չէ։
Բայց Թուրքիայում, ըստ նրա, հասկանում են, որ հայաստանյան հասարակությունը չի կիսում իշխանության քաղաքական գիծը, որում չկա ավանդական պահանջատիրությունը։
«Սակայն, իմ կարծիքով՝ հայ ժողովուրդը չի մոռանալու երբեք Ցեղասպանության մասին և մշտապես ցավալու է, բարձրացնելու այդ հարցը։ Ուստի Թուրքիայի այս քայլն ուղղված է հայ ժողովրդին, սա ուղերձ է հայերին, որ՝ պետք է հրաժարվեք որևէ պահանջից, դժգոհությունից, վարեք թրքամետ քաղաքականություն։ Սա է Թուրքիայի ընկալումը։
Մեկնարկած հայ-թուրքական գործընթացում Թուրքիան ՀՀ-ին ընդառաջ որևէ քայլ չի արել ու չի պատրաստվում անել։ Դա կարգավորման ֆեյք գործընթաց է, որն անընդհատ գտնվում է Ադրբեջան-Հայաստան հարաբերություններից կախման մեջ, դա շարունակվելու է՝ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ Թուրքիայի արևմտամետությունից, քանի որ թուրք-ադրբեջանական հարաբերությունների առանցքն անկախ է, Թուրքիան մեծ քաղաքական ու տնտեսական կախում ունի Ադրբեջանից, և առաջիկայում սա, եթե չավելանա, չի պակասելու։ Թուրքիան մաքսիմալիստական ակնկալիքներ ունի ՀՀ իշխանություններից, որ նրանք նույնիսկ այս դրվագով փորձեն ճնշել ՀՀ-ի ներսում առկա տրամադրությունները։ Իրականում ՀՀ իշխանություններն այս տարիների ընթացքում էական ջանքեր են ներդրել ՀՀ-ում Թուրքիայի իմիջի բարձրացման համար, սակայն դա բավարար չէ թուրք դիվանագետների համար»,- ասաց Ռաևսկին։