Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության նախագիծը
Ապրիլի 27-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվել է երկրի Սահմանադրության նախագիծը:
Ինչպես տեղեկացրի Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից:
«Օրակարգի առաջին հարցը Արցախի դատախազության 2022 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումն էր, որը ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազին փոխարինող Կարեն Գաբրիելյանը:
Օրակարգի հաջորդ երկու հարցերը Արցախի առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի դատավորների թափուր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցերն էին: Այդ պաշտոններում Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Կարինե Գարոյի Բաբայանի և Մհեր Սլավիկի Ստեփանյանի թեկնածությունները: ԲԴԽ նախագահ Կարեն Սաղյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, շեշտադրել նրանց մասնագիտական որակները: Թեկնածուների ելույթները լսելուց հետո խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն կողմ է քվեարկել նրանց օգտին:
Այնուհետև խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը:
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանի հաղորդմամբ՝առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: Նախագիծն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը: 31 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ այն ընդունվել է որպես օրենք:
«Յոթերորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» ԱԺ 2020 թ. մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Առաջարկվում է ձևավորել 9 հոգանոց հաշվիչ հանձնախումբ: Խորհրդարանը 23 ձայնով կողմ է քվեարկել նախագծին:
Դավիթ Գալստյանը և Արթուր Մոսիյանը հայտնել են, որ հանձնախմբի ձևավորման համար Արցախի «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների կողմից թեկնածուներ չեն առաջադրվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին խորհրդարանի ղեկավարը շնորհավորել ու աշխատանքում հաջողություն է մաղթել նորանշանակ նախարարներին՝ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Հարցադրման համար հերթագրվել են 8 պատգամավոր, նրանց կողմից հնչեցվել են մեկ տասնյակից ավելի հարցեր: Դրանք ՀՀ վարչապետի հայտարարությունների, ժամկետանց վարկերի, կառավարությանն ուղղված դիմումների պատասխանների ուշացման, բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերի, ալյընտրանքային էներգետիկ աղբյուրների, շրջափակման պայմաններում կտրոններով սննդամթերքի որակի ու մատակարարման, միջհամայնքային երթուղիների կարգավորման վերաբերյալ էին:
«Ընդմիջումից հետո քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որին հանձնաժողովականները տվել էին դրական եզրակացություն: 25 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
28 կողմ ձայնով խորհրդարանը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին»,- հայտնում են Արցախի խորհրդֆարանից:
Նշվում է, որ հերթական նիստն ամփոփվել է պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանի և Դավիթ Իշխանյանի հայտարարություններով: